20 մարտի 2003 - 19:03 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԴԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕԳՏԻՆ ԼՐՏԵՍԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ
Երեւանի առաջին ատյանի դատարանում քրեական գործով դատավարություն է սկսվել Հայաստանի 4 քաղաքացիների նկատմամբ, որոնց հայրենիքի դավաճանության մեղադրանք է ներկայացվել` Ադրբեջանի հատուկ ծառայությունների օգտին լրտեսության համար: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, քաղաքացի Նինա Շիրինային մեղադրանք է ներկայացվել լրտեսությամբ հայրենիքի դավաճանություն եւ դիվերսիայի փորձ ՀՀ ՔՕ հոդվածներով: 1995 թվականից նա պարբերաբար հանդիպել է ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ եւ նրանց է հաղորդել տեղեկություններ Հայաստնի եւ Լեռնային Ղարաբաղի ներքաղաքական, տնտեսական կյանքի, սահմանապահ գոտիների, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազայի, Իրանից ներկրվող ապրանքների ծավալի մասին: Իր «ծառայությունների» համար Շիրինան ստացել է 150-300 դոլար: Լրտեսության միջոցով հայրենիքի դավաճանություն հոդվածով մեղադրանք է ներկայացվել Հայաստանի եւս 3 քաղաքացիների` Իվետա Ֆիլկովային նրա զարմիկներ Ալեքսանդր Գասպարյանին եւ Էդգար Ֆիլկովին: ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման նախկին աշխատակից Արթուր Օգանեսովին, որի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու ստորագրությունը, մեղադրանք է ներկայացվել ըստ ՀՀ ՔՕ հոդվածի պետական գաղտնիքի հրապարակման մասին: Լրտեսական խումբը իր գործունեությունը իրականացրել է 1995-2002 թթ: