Պրահայում տեղի է ունեցել «Մուսա լեռներ» խորագրով գիտաժողովը

Պրահայում տեղի է ունեցել «Մուսա լեռներ» խորագրով գիտաժողովը

PanARMENIAN.Net - Հունիսի 18-20-ը Պրահայում Չեխիայի վարչապետ Պետր Նեչասի բարձր հովանու ներքո անցկացվող «9 դարպաս» փառատոնի շրջանակներում «Չարիքի հնէաբանության» ուսումնասիրման կենտրոնը կազմակերպել էր «Մուսա լեռներ» խորագրով գիտաժողովը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Պրահայի «Վիոլա» թատրոնում տեղի ունեցած բացման արարողությանը ելույթներ ունեցան չեխ հանրահայտ հեռուստամեկնաբան և հրապարակախոս, Հոլոքոստի վերապրածների զավակ Պավել Ջունան և Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Դեսպանն իր խոսքում անդրադարձավ Ֆրանց Վերֆելի «Մուսալեռան 40 օրը» ստեղծագործությանը՝ նշելով, որ Չեխիայի հայ համայնքը ամեն տարի ապրիլի 24-ին հարգանքի տուրք է մատուցում նաև մեծանուն նովելիստին՝ ծաղիկներ դնելով Պրահայում գտնվող նրա տան շեմին: Այնուհետև դեսպանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին՝ միաժամանակ մասնակիցներին ներկայացնելով Թուրքիայի կառավարության ժխտողական քաղաքականությունը:

Արարողության ավարտին DG307 համույթը ներկայացրեց չեխ հայտնի գրող Պավել Զայիչեկի գրական-երաժշտական նոր կոմպոզիցիան՝ հեղինակի մասնակցությամբ:

Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին Պրահայի Կարլի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում: Մուսա լեռան ինքնապաշտպանության մասին հանգամանալից զեկույցով հանդես եկավ Նորթրիջի Կալիֆորնիայի նահանգային համալսարանի պրոֆեսոր, հայկական ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն, ծագումով մուսալեռցի Վահրամ Շեմմասյանը:

Հայոց ցեղասպանությանը և պաշտոնական Անկարայի ժխտողական քաղաքականությանը հանգամանալից անդրադարձավ նաև Շվեդիայի Ուփսալայի համալսարանի պրոֆեսոր Փոլ Լևինը: Ցուցադրվեց Էնդրյու Գոլդբերգի «Հայոց ցեղասպանությունը» փաստավավերագրական ֆիլմը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---