Թբիլիսիում տեղի է ունեցել հայ մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանի հուշ-երեկոն

Թբիլիսիում տեղի է ունեցել հայ մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանի հուշ-երեկոն

PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի ամենամեծ դահլիճը կրում է հայ նավթարդյունաբերող, հայտնի գործարար, մարդասեր-բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի անունը: Համանուն այդ սրահում հունիսի 30-ին կայացավ Գալուստ Գյուլբենկյանի հուշ-երեկոն, որ նախաձեռնել էին Վրաստանի հայ մտավորականների միությունը և Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը՝ ՀՀ մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աջակցությամբ:

Բացելով երեկոն, Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ռուբեն Թորոսյանը հանգամանալից ներկայացրեց Գալուստ Գյուլբենկյան բարերարի և նավթարդյունաբերողի կյանքի ուղին, ոգեկոչելով բարերարի ազգապահպան նպատակամղումները:

Գալուստ Գյուլբենկյան մեկենասի բարեգործության թագը այն հիմնադրամի գործունեությունն է, որը ստեղծվել է 1956 թ-ին Լիսաբոնում՝ հայ մեծահարուստի (1869–1955 թթ.) կտակի համաձայն: Հիմնարկության նպատակը գիտության, կրթության, առողջապահության և արվեստի զարգացմանն աջակցելն է:

Թերևս կտակում նշված էր միայն Սբ.Էջմիածնի Մայր տաճարի նորոգման համար գումար հատկացնելու մասին: Սակայն կտակարար մարմնի անդամ Գևորգ Եսայանի՝ Գալուստ Գյուլբենկյանի դստեր ամուսնու ջանքերով հետագայում հիմնարկությունում բացվել է նոր՝ Հայկական համայնքների բաժանմունքը, որի տարեկան բյուջեն շուրջ 4 մլն դոլար է և այն կանոնավորապես բաշխվում է Սփյուռքի և Հայաստանի գիտական, առողջապահական, կրթական և մշակութային կազմակերպություններին:

Գալուստ Գյուլբենկյան գործարարի, գիտության ու մշակույթի դերը գնահատողի կյանքից հետաքրքիր դրվագներ հիշատակեց Հայ մտավորականների միության Թբիլիսյան կազմակերպության նախագահ Ենոք Թադևոսյանը:

Միջոցառման ավարտին գնահատանքի իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, խոսելով հայ մեծահարուստների ազգանվեր գործունեության մասին, կարևորեց Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության ներդրումը հայ ազգի կրթության և մշակույթի զարգացման գործում: Սրբազան Հայրը երախտագիտությամբ նշեց, որ հիմնարկության հայկական բաժանմունքի երկար տարիների տնօրեն իսկական հայորդի դոկտոր Զավեն Եկավյանի և ներկայիս ղեկավար Աստղիկ Թոքմաջյանի հայապահպան առաքելությամբ, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը աջակցում է նաև Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի գործունեությանը:

Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին դրվագներ Գալուստ Գյուլբենկյանին և նրա անունով հիմնադրամի գործունեությանը նվիրված տեսաֆիլմից: Երեկոն համեմված էր երգչուհի Աննա Պողոսովայի և դաշնակահարներ Մարիկա Սուբիաշվիլիի, Կարեն Միրոզյանի գեղեցիկ կատարումներով:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---