«Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը բացված է

«Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը բացված է

PanARMENIAN.Net - Այսօր` հուլիսի 8-ին «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց «Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը: Փառատոնին ներկա էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ: Այն բացեցին փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը և գլխավոր հովանավոր ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հարություն Խաչատրյանը խոստացավ, որ եկող տարի փառատոնը նշելու է իր 10-ամյակը, և հուսաց, որ այն կլինի ավելի մեծ և տոնական: Միջոցառման ընթացքում խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահ, իսպանացի կինոռեժիսոր Վիկտոր Էրիսեն և վրացի կինոռեժիսոր Էլդար Շենգելայան արժանացան «Փարաջանովյան թալեր» մրցանակին: Հանդիսավոր արարողությունն ավարտվեց Համո Բեկնազարյանի «Շոր և Շորշոր» ֆիլմի ցուցադրությամբ, որն ուղեկցվում էր Վահագն Հայրապետյանի հիմնած «Շոր և Շորշոր» խմբի կենդանի կատարումներով: Կինոփառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 15-ը: Այս տարի ստացվել է ռեկորդային` 1120 հայտ աշխարհի 70 երկրներից: Փառատոնն, այս տարի, կպահպանի 4 մրցութային ծրագրերը` «Միջազգային խաղարկայինը», «Միջազգային վավերագրականը», «Հայկական համայնապատկերը» և «Կորիզը»: Կազմակերպիչները խոստանում են նաև երևանյան պրեմիերաներ, «Հարգանքի տուրք», և հետահայաց ցուցադրություններ: Այս տարի կնշվեն Ֆրունզե Դովլաթյանի 85, Անդրեյ Տարկովսկու 80 և Յուրի Երզնկյանի 90-ամյակները: Կինոփառատոնի ընթացքում կներկայացվի նաև «Գիրք և կինո» ծրագիրը: Հայ առաքելական եկեղեցին սահմանել է «Եղիցի լույս» մրցանակը, որը կշնորհվի ռուս հանրահայտ կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---