12 հուլիսի 2012 - 18:37 AMT
ՀԱԿ-ը ցանկանում է ՀՅԴ, ԲՀԿ և «Ժառանգության» հետ ստեղծել Վահե Ավետյանի սպանության գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով

Ընդդիմադիր ՀԱԿ-ը որոշել է հուլիսի 17-ին 12:00-ին նախաձեռնել ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում կլինի «Հարսնաքար» ռեստորանում սպանված Վահե Ավետյանի գործի վերաբերյալ ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Վերջինիս խոսքով, նման որոշում է կայացվել ՀՅԴ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունների հետ խորհրդակցությունից հետո:

Զուրաբյանն ընդգծել է, որ խորհրդարաի արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ է 44 պատգամավորների ստորագրություններ և կոչ է արել բոլոր նրանց, ովքեր պատրաստ են աջակցել այս նախաձեռնությանը, վաղը 13:00-15:00 այցելել ՀԱԿ-ի պատգամավոր Լևոն Զուրաբյանի աշխատասենյակը Ազգային ժողովում և ստորագրել այդ դիմումը:

«Սակայն եթե անգամ չհաջողվի էլ, դա կլինի նախազգուշական ազդանշան: Որքան ավելի շատ ձայներ հավքվեն, ազդանշանն ավելի ուժեղ կլինի»,-նկատել է նա:

Զուրաբյանը նաև հավելել է, որ ոչ մի անօրինական բան չի պահանջում, այլ օգտագործում է մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի նախադեպը:

Աճառյան 29 հասցեում գտնվող ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի էին ենթարկվել ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը և ՊՆ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը:

Հունիսի 29-ին, ծեծից հետո այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ՊՆ բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը:

Ավետյանի սպանությունը հանգեցրել է Ռուբեն Հայրապետյանի դեմ ուղղված հանրային բողոքի` պահանջելով անցկացնել արդար հետաքննություն և պատժել այս գործի բոլոր մեղավորներին. արդյունքում Հայրապետյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: