41  19.07.12 - Ընտրությունների ընթացքը Արցախում

Արցախի ժողովրդավարական ընտրություններն Էշթոնի սրտով չեն, նա նախընտրում է իշխանության ժառանգաբար փոխանցումն Ադրբեջանում

Արցախի ժողովրդավարական ընտրություններն Էշթոնի սրտով չեն, նա նախընտրում է իշխանության ժառանգաբար փոխանցումն Ադրբեջանում

PanARMENIAN.Net - Այսօր Արցախում անցնում են հերթական նախագահական ընտրությունները, ԼՂՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն երեք թեկնածուների միջև: Արցախի նախագահի պաշտոնին հավակնում են ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախագահ Վիտալի Բալասանյանը և Հայաստանի ագրարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը: ԼՂՀ ընտրություններին հետևում են տասնյակ միջազգային դիտորդներ և ոչ միայն չճանաչված Մերձդնեստրից, Հարավային Օսեթիայից և Աբխազիայից, այլ նաև Չեխիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից, Արգենտինայից, Ուրուգվայից, Կանադայից և այլ երկրներից:

Այդ ֆոնի վրա բավականին անակնկալ հնչեց ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով Գերագույն նախագահ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի հայտարարությունը կապված Արցախի ընտրությունների հետ: «Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում տեղի են ունենալու «նախագահական ընտրություններ»:

Վերահաստատում եմ, որ Եվրոպական միությունը չի ճանաչում այն սահմանադրական և իրավական դաշտը, որի համաձայն դրանք տեղի են ունենլու: Վերոնշյալ «ընտրությունները» չպետք է վնասեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին որոշմանը՝ հակամարտության խաղաղ կարգավորման ընդհանուր համաձայնեցված շրջանակներում:

Վերահաստատում եմ Եվրոպական միության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների ձեռնարկած կայուն ջանքերին` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կողմերին կոչ եմ անում առավել մեծ ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի ուղղությամբ` հիմնվելով Մադրիդյան սկզբունքների վրա, որոնք թույլ կտան հաղթահարել ստատուս-քվոն: Վերահաստատում եմ այս ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու ԵՄ-ն պատրաստակամությունը»,-ասվում է Էշթոնի հայտարարության մեջ:

Պարզվում է, որ ԵՄ արտաքին քաղաքականության համար պատասխանատու Էշթոնը, որը միշտ հանդես է գալիս ժողովրդավարության և մարդու իրավունքների օգտին, գտնում է, որ նորմալ ժողովրդավարական ընտրություններն Արցախում կարող են տեսականորեն խանգարել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացին: Այսինքն «ընտրությունների» իմիտացիան արևելայն սուլթանաթի վերածված Ադրբեջանում, երբ իշխանությունը փոխանցվում է հորից որդուն, դա նորմալ է, դա չի խանգարում բանակցություններին, իսկ նորմալ ժողովրդավարական ընտրությունները մրցակցային հիմքի վրա Արցախում՝ խանգարում են:

Չէինք ցանկանա ավելորդ անգամ հիշեցնել Էշթոնին, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, այլ ուղղակի կհարցնենք՝ իսկ ինչպե՞ս է նա պատկերացնում իրեն անկախ Արցախի կյանը: Ի՞նչ հիմքի վրա այնտեղ պետք է ձևավորվի իշխանությունը որպեսզի Եվրամիությունը ճանաչի դրանք՝ այն ժառանգաբար փոխանցելո՞վ, ինչպես դա արվում է Ադրբեջանո՞ւմ:

Դե արի նման հայտարարություններից հետո մի հավատա, որ «ժողովրդավարական» պետությունների բարձրագույն ղեկավարների քաղաքականության մեջ գերակշռում են «երկակի չափանիշները», և որ հանուն իրենց էներգետիկ շահերի նրանք պատրաստ են աչք փակել ոչ միայն մարդու իրավունքների խախտման ու ժողովրդավարական ազատությունների ոտնահարման, այլ նույնիսկ հանցագործությունների վրա: Ինչպես ասվում ՝ «Նավթը սիրում է խաղաղություն, իսկ աշխարհը նավթ է սիրում»:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---