«Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպը ամեն կերպ փորձում են կոծկել, ասում են ակտիվիստները

«Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպը ամեն կերպ փորձում են կոծկել, ասում են ակտիվիստները

PanARMENIAN.Net - «Հարսնաքարում» հունսի 17-ին տեղի ունեցած միջադեպը փորձում են ամեն գնով կոծկել, և չներկայացնել իրական պատկերը: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասացին «Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնության ներկայացուցիչներ Զարուհի Հովհաննիսյանը, Արթուր Մինասյանը և Դավիթ Սանասարյանը:

Նրանց խոսքով, ոստիկանությունը ոչ մի կարևոր մանրամասներ չի հայտնում, նույնիսկ հայտարարում, թե պետք է պարզել Վահե Ավետյանի մահվան պատճառը:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ ապացույցներ չկան, որ միջադեպի ժամանակ Ռուբեն Հայրապետյանն այնտեղ չի եղել, բայց նաև չկան հակառակ ապացույցներ: Չկա ոչ մի տեսագրություն ոչ մի տեղ, որ Հայրապետյանն այդ ժամանակ եղել է որևէ այլ վայրում:

Դավիթը նաև պատմեց, որ գլխավոր մեղավորը` անվտանգության աշխատող Գագիկ Մարգարյանը եղել է Հայրապետյանի թիկնազորից, իսկ նրանք առանց «տիրոջ հրահանգի» նման բան չէին անի:

Զարուհի Հովհաննիսյանը նշեց, որ ծեծին մասնակցել են 19-20 մարդ, սակայն ձերբակալվածների թիվն ավելի փոքր է:

Նախաձեռնության անդամները չխոսեցին իրենց ապագա անելիքների մասին, նշելով, որ դրանք կտարածվեն մամլո հաղորդագրությունների տեսքով: Բայց խոստացան, որ հետ չեն կանգնի, և կհասնեն նրան, որ բոլոր մեղավորները պատժվեն և վերջ տրվի Հայաստանում ամենաթողության մթնոլորտին: Նրանք նաև նշեցին, որ նրանք պայքարում են ոչ թե կոնկրետ անձի, այլ անպատժելիության մթնոլորտի դեմ: Նրանք կփորձեն նաև ներգրավել Սփյուռքին, որպեսզի նրանք նույնպես հանդես գան համապատասխան հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ հունսի 17-ին իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի սեփականությունը հանդիսացող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ էր, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյանը, Արտակ Բայադյանը, Գարիկ Սողոմոնյանը տեղափոխվեցին հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան ռազմական բժիշկ Վահե Ավետյանը մահացավ գիտակցության չգալով: Այդ դեպքից հետո Ռուբեն Հայրապետյանը վայր դրեց իր պատգամավորական մանդատը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---