«Ժառանգության» երիտասարդական միությունը հանդես է եկել ՀԱԿ-ի ակտիվիստների աջակցությամբ

«Ժառանգության» երիտասարդական միությունը հանդես է եկել ՀԱԿ-ի ակտիվիստների աջակցությամբ

PanARMENIAN.Net - «Հայք» երիտասարդական-ուսանողական միությունը հայտարարություն է տարածել ՀԱԿ ակտիվիստների ազատազրկման առթիվ: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միության անդամներիս համար մեծ ցավ է, որ մեր երկրում ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստներին ենթարկում են քաղաքական հետապնդման և ազատազրկման:

Մենք գտնում ենք, որ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ կայացվեց դատավճիռ ոչ թե հանուն, այլ ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի այս խնդրի կարևորությունը, որովհետև այսպիսի իրավիճակում ոչ ոք ապահովագրված չէ իր հայացքների համար ճաղերի ետևում հայտնվելուց: Երիտասարդներն առավել ևս չպետք է անմասն մնան այս խնդրի արդարացի լուծման և հետագայում նաև նման անարդարությունների կանխարգելման պահանջատիրությունից: Երիտասարդությունն է մեր երկրի ապագայի երաշխիքը. նա է կերտելու վաղվա Հայաստանը»:

2011թ. օգոստոսի 9-ին ոստիկանությունը ձերբակալել է ՀԱԿ ակտիվիստներին: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ:

2012-ի հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի կայացրած վճռի դեմ, ըստ որի` ՀԱԿ-ի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6, Արտակ Կարապետյանը` 3 տարի 5 ամիս 19 օրվա, Դավիթ Քիրամիջյանը` 2 տարվա, Սարգիս Գևորգյանը` 1 տարի 11 ամիս 20 օրվա ազատազրկման:

Հուլիսի 4-ին հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը որոշում է ընդունել Արեգ Գևորգյանի, Սահակ Մուրադյանի և Վահագն Գևորգյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու մասին, իսկ դրա համար հիմք է ծառայել հանցագործության մեջ նրանց մասնակցության ապացույցների բացակայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---