«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» պաշտոնապես բացեց իր գլխամասային գրասենյակի դռները

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» պաշտոնապես բացեց իր գլխամասային գրասենյակի դռները

PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ին Երևանում կայացել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկի» ներկայացուցիչները: Միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ինչպես նաև գործընկեր բանկերի ղեկավարներ:

«Այսօրվա դրությամբ բանկը խոշոր խաղացող է Հայաստանի ֆինանսական շուկայում` 90 մլրդ դրամից ավել վարկային պորտֆելով և մոտ 116 մլրդ դրամ ակտիվներով` սպասարկելով ավելի քան 100 հազար հաճախորդների: Հիմնական ցուցանիշների աճի տեմպերով բանկը զբաղեցնում է առաջատար դիրքեր, իսկ որոշ ցուցանիշներով` հանդիսանում երկրի խոշորագույն բանկերից մեկը: Դա հնարավոր դարձավ, առաջին հերթին, մեր միակ բաժնետիրոջ` ռուսական «Գազպրոմբանկի» աջակցության շնորհիվ»,- ասել է բանկի գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը:

Բանկի ղեկավարը հիշեցրել է, որ առաջին անգամ բանկի դռները հաճախորդների առջև բացվել են 14 տարի առաջ, և այդ տարիների ընթացքում բանկի ղեկավարությունը և նրա բաժնետերերը հավատարիմ են մնացել հավասարակշիռ և պահպանողական քաղաքականությանը` հիշել իրենց հաճախորդների շահերի մասին:

Խանդկարյանը նաև նշել է, որ բանկի ֆինանսական գործունեությունը հաջող կերպով համադրվում է նաև սոցիալական ակտիվության հետ` բանկը նախագծեր է իրականացնում քաղաքապետարանի հետ:

Նոր գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում, նոր գրասենյակ տեղափոխվելը նվիրված է Հայաստանի ֆինանսական շուկայում բանկի 14-ամյա գործունեությանը:

«Նոր գրասենյակը կոչված է ապահովելու առավել հարմարավետ և տեխնոլոգիապես մատչելի շփում բանկի անհատ և կորպորատիվ հաճախորդների հետ: Հաճախորդների համար նախատեսված է երկու ընդարձակ սպասարկման սրահ` ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, դրամարկղային գործառնությունների առանձին սրահ, անհատական բանկային պահատեղեր, բարձր տեխնիկական հագեցվածությամբ տարածքներ, որոնք ապահովում են ոչ միայն ծառայությունների մատուցման նոր որակ, այլև բանկում գտնվելու հարմարավետություն»,- հավելել է Խանդկարյանը:

Իր հերթին «Գազպրոմբանկի» կառավարման նախագահ, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» խորհրդի նախագահ Նիկոլայ Կորենևը նշել է բանկի դինամիկ զարգացումը և նրա դերը Հայաստանի արդյունաբերության ռազմավարական ոլորտների ֆինանսավորման մեջ: Նա նաև հավելել է, որ նոր գրասենյակի բացումը վկայում է այն մասին, որ «Գազպրոմբանկն» ունի Հայաստանում բիզնեսի զարգացման լուրջ ծրագիր:

Այսօրվա դրությամբ «Գազպրոմբանկը» Հայաստանի տնտեսության մեջ ներդրել է 185 մլն դոլար, այդ թվում 100 մլն դոլար` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» զարգացման համար, 85 մլն դոլար` ուղղակի ներդրումներ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---