Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը կրթության ոլորտի աշխատողներին

Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը կրթության ոլորտի աշխատողներին

PanARMENIAN.Net - Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից շնորհավորական ուղերձ է հղել աշակերտներին, ուսանողներին և կրթության ոլորտի աշխատողներին:

Հայրապետական շնորհավորագրում մասնավորապես ասվում է. «Նոր ուսումնական տարվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում դպրոցական և ուսանող Մեր զավակներին, մանկավարժներին ու դասախոսներին, ուսումնական հաստատությունների տեսչություններին և կրթության գործի բոլոր նվիրյալներին:

Ոչ հեռու անցյալում բոլոր երեխաները չէ, որ կարող էին դպրոց հաճախել, մարդկության միայն վերջին հարյուրամյակի ձեռքբերում է համընդհանուր կրթությունը` աստվածահաճո այդ մեծ բարիքը` դառնալով կյանքի բարելավման, մեծ տեղաշարժերի պայմաններից մեկը: Բնական է, որ այսօր պետություններն ու ժողովուրդները մեծ ուշադրություն են դարձնում կրթական բարեփոխումներին, ուսման արդիականացմանը: Ուսյալ և կիրթ հասարակությունն է ընդունակ բարեփոխել կյանքը, բարվոք վճիռներ գտնել իր առջև կանգնած խնդիրներին և իրականություն դարձնել առաջընթացի իր տեսիլքները:

Հայրական հորդոր ենք բերում Մեր զավակներին, որ լինեն ջանադիր ուսման մեջ, չթերանան իրենց պատականություններում, որպեսզի ամուր հիմքերով սկզբնավորվի ու հաստատվի իրենց կյանքի ուղին, որն ապագան է մեր Հայրենիքի ու ժողովրդի: Մենք աղոթք ենք բարձրացնում, որ Աստված արդյունավորի կրթության զարգացման ծրագրերը, որ այսօր իրականացվում են մեր երկրում, արդյունավորի ջանքերը մանկավարժների` մեր երկրի ու ժողովրդի համար կրթելու ուսյալ, պատասխանատու, հայրենասեր, արդարամիտ ու մարդասեր սերունդ: Հայցում ենք Տիրոջից, որ քաջարթուն միտք ու հոգի շնորհի մեր զավակներին, օրհնի նրանց ջանքերը ուսման մեջ և հաստատուն պահի հավատքի ու աստվածային Իր պատգամների կենարար ճանապարհներին: Մաղթում ենք խաղաղընթաց ուսումնական տարի, բարի արդյունքներ ու առատ վաստակ: Թող շնորհն Աստծո լինի մեզ հետ և բոլորի, այսօր և միշտ. ամեն»:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---