Ադամ Շիֆ. Հունգարիան ու Ադրբեջանը պետք է բացատրություններ տան միջազգային հանրությանը

Ադամ Շիֆ. Հունգարիան ու Ադրբեջանը պետք է բացատրություններ տան միջազգային հանրությանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը մեկնաբանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու և Ադրբեջանի նախագահի կողմիցն նրան ներում շնորհելու փաստը:

«Ես չափազանց մտահոգված էի՝ տեղեկանալով Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու ներման մասին, որը դատապարտվել է ցմահ բանտարկության հայ սպայի սպանության համար: Հունգարիան, որտեղ Սաֆարովը կրում էր պատիժը, և Ադրբեջանը պետք է բացատրություններ տան միջազգային հանրությանը արդարադատության բոլոր նորմերի սարսափելի խախտման փաստի վերաբերյալ: Սա ոճրագործությունը խոստովանած մարդասպանի գործի սարսափելի ավարտ է»,-ասել է ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը:

Ցմահ բանտարկության դատապարտված Սաֆարովը արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում է շնորհել Ադրբեջանի նախագահը:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---