Հայաստանի էկոնոմիկայի նախարարն այցելել է երկրում առաջին Էքսպոկենտրոն

Հայաստանի էկոնոմիկայի նախարարն այցելել է երկրում առաջին Էքսպոկենտրոն

PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը սեպտեմբերի 4-ին այցելել է շահագործման հանձնված երկրում առաջին էքսպոկենտրոն, որը գտնվում է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, որը հայտնի է որպես Մերգելյանի ինստիտուտ: Նախարարը ծանոթացել է Էքսպոկենտրոնի հնարավորությունների և նրա ժամանակակից հագեցման հետ: «Մենք ունենք տարածք, որտեղ կարելի է կազմակերպել տարբեր մակարդակի համաժողովներ, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ: Ամենագլխավորը, որ ձևավորվում է համապատասխան աշխատանքային միջավայր, որտեղ կարելի է կազմակերպել արտադրական գործունեություն, ինչպես նաև բանակցություններ և հանդիպումներ»,- ասել է նա և հավելել, որ նման կենտրոնի առկայությունը բարձրացնում է այս ոլորտում մրցակցությունը: «Դա շահավետ կլինի թե արտադրողին, թե սպառողներին, ինչպես նաև պետական ապարատին և իհարկե ներդրողին, առավել ևս, որ ինստիտուտի տարածքում ձևավորվում է Ազատ տնտեսական գոտի»,- ասել է նա:

Նոր կենտրոնի ընդհանուր տարածքը կազմում է 5 հազար քմ, գերազանցելով իր չափսերով նույնիսկ ամենամեծ սրահները, որտեղ այսօր ցուցահանդեսներ են անցկացվում: Երկու սրահները հագեցած են ցուցահանդեսների և շնորհանդեսների անցկացման համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ Wi-Fi:

Ինչպես հաղորդել է լրագրողների հետ զրույցում «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի տնօրեն Արսեն Թարոյանը, տարածքների վերանորոգման համար պահանջվել է ուղիղ երկու տարի և շուրջ 2 մլն դոլար, հաշվի առնելով հարակից ենթակառուցվածքների ստեղծումը. ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի համակարգեր, Էքսպոկենտրոնի դիմաց շատրվաններով ջրավազանի կառուցում և այլն: Դա հնարավոր է դարձել նաև ռուսական «Սիտրոնիքս» ընկերության ներդրումների շնորհիվ, որը 2008-ից «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի կառավարիչն է:

Թարոյանը նաև հաղորդել է, որ Էքսպոկենտրոնում արդեն կազմակերպվել է առաջին փորձնական ցուցահանդեսը` «Մանկության աշխարհ», ինչպես նաև հայտ է ստացվել «Հայաստանի ՏՏ ձեռնարկությունների միությունից» հոկտեմբերի 5-7-ը ամենամյա միջազգային «DigiTec Expo 2012» ցուցահանդեսն անցկացնելու համար:

Բացի դրանից, ինստիտուտի տարածքում շարունակվում են «Սիտրոնիքս» ռուսական ընկերության ենթակառուցվածքը հանձնելու աշխատանքները` մինչև ընթացիկ տարվա նոյեմբերն այստեղ Ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---