Հայ միասեռականների եւ լեսբուհիների ասոցիացիան պահանջում է Սաֆարովին բանտ ուղարկել

Հայ միասեռականների եւ լեսբուհիների ասոցիացիան պահանջում է Սաֆարովին բանտ ուղարկել

PanARMENIAN.Net - Նյու Յորքի Հայ միասեռականների եւ լեսբուհիների ասոցիացիան (AGLA NY) իր մտահոգությունն է հայտնել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու ներման վերաբերյալ: Ասոցիացիայի հայտարարության մեջ մասնավորապես, ասվում է. «Հունգարիայի կառավարությունը հայտարարել է, որ արտահանձնել է Սաֆարովին, վստահ լինելով, որ նա կշարունակի պատիժը կրել հայրենիքում: Դժվար է հավատալ նման հայտարարությանը, հատկապես եթե հաշվի առնենք Իլհամ Ալիևի շուրթերից հնչող վիրավորանքներն ու սպառնալիքները հայերի հասցեին: Ավելին, հունգարական կողմի հետագա հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ վարչապետ Վիկտոր Օրբանը միանգամայն կարող էր իմանալ, որ Սաֆարովն ազատ կարձակվի Ադրբեջան ժամանելուն պես: Եվ զարմանալի չէ, որ Սաֆարովն անմիջապես ներում ստացավ, վերականգնվեց զինված ուժերում, մայորի կոչում ստացավ, բնակարան ու 8 տարվա աշխատավարձը, իսկ ադրբեջանական մամուլը նրան հերոս է անվանում:

ԱՄՆ-ն, ՄԱԿ-ն ու մյուս երկրներն ու միջազգային կազմակերպությունները պետք է ստիպեն Ադրբեջանին կատարել Հունգարիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը և վերադարձնել Սաֆարովին բանտ, որտեղ էլ նա պետք է մնա մինչ կյանքի վերջը: Իսկ Հունգարիայի վարչապետ Օրբանը պետք է պաշտոնանկ լինի»:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար:

Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:

Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---