Վիկտոր Համբարձումյանի անվ. մրցանակի դափնեկիրները գումարը կուղղեն հայ աստղագիտության զարգացմանը

Վիկտոր Համբարձումյանի անվ. մրցանակի դափնեկիրները գումարը կուղղեն հայ աստղագիտության զարգացմանը

PanARMENIAN.Net - Վիկտոր Համբարձումյանի անվ. մրցանակի դափնեկիրները գումարը կուղղեն աստղագիտության զարգացմանը: Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հանձնաժողովի որոշմամբ Վ. Համբարձումյանի 2012թ. միջազգային մրցանակը շնորհվում է պրոֆ. Յան Էյնաստոյին (Էստոնիա) և պրոֆ. Իգոր Նովիկովին (Ռուսաստան): ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում նշեց, որ Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակը շնորհվում է երկրորդ անգամ: «Հանձնաժողովի ընտրությունը բարդ էր, և այնպես ստացվեց, որ քննարկելով 12 առաջադրված հայտերը` հանձնաժողովի անդամները որոշեցին մրցանակը կիսել երկու մեծ գիտնականների միջև: Այս մրցանակի շնորհիվ հայ գիտական շրջանակները հաղորդակից են դառնում համաշխարհային գիտության զարգացումներին, միջազգային գիտական փորձը ներկրվում է Հայաստան և հակառակը` հայ գիտնականներին ճանաչելի ենք դարձնում արտասահմանում»,- ասաց նա` հավելելով, որ երկու մրցանակակիրներն էլ համաշխարհային մեծության գիտնականներ են և նրանց ավանդը աստղագիտության զարգացման մեջ անգնահատելի է:

Պրոֆ. Յան Էյնաստոն շնորհակալությունը հայտնեց մրցանակին արժանանալու համար: «Մեր կապերը հայ գիտնականների հետ սկիզբ են առել մոտ 60 տարի առաջ, և Վիկտոր Համբարձումյանը մեծ ավանդ է ներդրել էստոնական աստղագիտության զարգացման գործում: Ես Պատիվ եմ ունեցել հանդիպելու այդ մեծ գիտնականի հետ, մենք հաճախ ենք քննարկել աստղագիտության զարգացման ուղիները ինչպես մեր երկրներում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Մրցանակի գումարը ես մտադիր եմ ուղղել երիտասարդ գիտնականների աջակցությանը, քանի որ դա շատ կարևոր է գիտության առաջխաղացման համար»,- ասաց էստոնացի գիտնականը:

Իգոր Նովիկովն իր հերթին նշեց, որ իր գիտական ճանապարհը տարիներ առաջ սկսել է Բյուրականում և նույնպես անմիջական շփում է ունեցել Վիկտոր Համբարձումյանի հետ: «Ես շատ շնորհակալ եմ նման պատվի արժանանալու համար և երջանիկ եմ, որ կարող եմ այդ միջոցները տրամադրել Հայաստանում աստղագիտության զարգացմանը և հայ գիտնականների հետ մեր շարունակական համագործակցության ընդլայնմանը: Հուսով եմ, որ դա նոր հաջողություններ կբերի համաշխարհային գիտությանը»,- հայտնեց նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---