«Զերկալո». Ադրբեջանի համար պատերազմի վերսկսումն ուղիղ ճանապարհ է դեպի միջազգային մեկուսացում

«Զերկալո». Ադրբեջանի համար պատերազմի վերսկսումն ուղիղ ճանապարհ է դեպի միջազգային մեկուսացում

PanARMENIAN.Net - Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Բաքվում նրան ներում շնորհելու հետ կապված սկանդալից հետո առաջիկայում հազիվ թե կարելի է լուրջ միջազգային նախաձեռնություններ ակնկալել Ղարաբաղի հարցում: Այդ մասին գրում է ադրբեջանական «Զերկալո» թերթը՝ հավելելով, որ «ստիպված ենք լինելու ավելի լավ ժամանակների սպասել բանակցային գործընթացի ակտիվացման համար, եթե, իհարկե, դրանում շահագրգիռ են հակամարտող կողմերը: Իսկ դա հավանաբար տեղի կունենա ոչ շուտ, քան կավարտվեն նախագահական ընտրությունները Հայաստանում, այսինքն 2013թ. գարնանից ոչ շուտ: Իսկ մինչ այդ բոլորը կշահարկեն այս սկանդալը: Հաշվի առնելով, որ նույն տարվա աշնանը նախագահական ընտրություններ են նաև Ադրբեջանում, հակամարտող կողմերը կարող է են ձգձգել «հայրենատենչ հիստերիան» մինչ աշուն.:

Բացի այդ, գրում է «Զերկալոն», Հայաստանը, օգտվելով իրավիճակից, փորձում է բանակցային օրակարգում նոր տարրեր ընդգրկել: Այս իրադարձությունների ֆոնի վրա Երևանի դիրքորոշման կոշտացումը անվտանգության հարցերում ըմբռնումով կընկալվի ոչ միայն միջազգային հանրության, այլ նաև միջնորդների կողմից: Այդ հարցը կարող է դառնալ այն ականը, որը կկասեցնի խաղաղ գործընթացը:

Ըստ հեղինակի, եթե խոսքը գնում է խաղաղ գործընթացը խարխլելու մասին, նշանակում է, ինչ-որ մեկը շահագրգռված է, որ մարտական գործողությունները վերսկսվեն: «Սակայն, մի կողմից, ավելի քան վստահ եմ, որ պաշտոնական Բաքուն, առնվազն, առայժմ, մտադիր չէ վերսկսել մարտական գործողությունները: Թեկուզ այն պարզ պատճառով, որ դեռ չի հաջողվել չեզոքացնել արտաքին մարտահրավերները, որոնք սպառնում են անվտանգությանն ու բխում են առաջին հերթին Ռուսաստանից, պատերազմի վերսկսման դեպքում: Սա մի կողմից:

Մյուս կողմից, մարտական գործողությունների համար նախադրյալներ ստեղծելու համար կարելի էր և պետք էր ավելի ընդունելի պատրվակ գտնել: Չէ որ այս պայմաններում Ադրբեջանի համար պատերազմի սկիզբը ուղիղ ճանապարհ է դեպի միջազգային մեկուսացում:

Եվ երրորդը, կրկին պետք է հաշվի առնել Ռուսաստանի գործոնը: Ռուսաստանը, աննախադեպ զորավարժանքների շարք սկսելով Կովկասում, ինչպես ճշմարտացի նշում են որոշ հայ փորձագետներ, նպատակ ունի ճնշում գործադրել Ադրբեջանի ու Վրաստանի վրա:

…Մի կողմից կարծես, արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանի ու ՌԴ նախագահների միջև աշխատանքային հարաբերություններ չեն ձևավորվել, էլ չասած մարդկային հարաբերությունների մասին: Գրեթե կես տարի է անցել, ինչ Վ.Պուտինը վերադարձել է Կրեմլ: Սակայն, մինչ օրս նույնիսկ չի ազդարարվում նախագահների հնարավոր հանդիպումը: Իսկ անձնական հարաբերությունները հետխորհրդային տարածքում զգալի ազդեցություն ունեն աշխարհաքաղաքական գործընթացների զարգացման վրա:

Մյուս կողմից Պուտինին ներքին ընդդիմության հանդարտեցման համար հարկավոր է ոչ մեծ, սակայն 100-տոկոսանոց հաղթական պատերազմ ի փառս Ռուսաստանի, ինչպես դա եղավ 2008 թվականին: Եվ Հարավային Կովկասը, ցավոք, լավագույն հարթակն է նման պատերազմի համար: Հազիվ թե Ադրբեջանն ու Ռուսաստանը դաշնակիցներ դառնան...Ամեն ինչ գնում է դեպի խաղաղ գործընթացի կասեցում»,-ասվում է «Զերկալոյի» հրապարակման մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---