Հայաստանի Անկախության 21-ամյակին նվիրված ընդունելություն է տեղի ունեցել Քուվեյթում

Հայաստանի Անկախության 21-ամյակին նվիրված ընդունելություն է տեղի ունեցել Քուվեյթում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին Քուվեյթի «Մարինա» հյուրանոցի «Սալվա Սաբահ» սրահում տեղի ուենցավ Քուվեյթում ՀՀ դեսպանության կազմակերպած պետական ընդունելությունը` նվիրված ՀՀ Անկախության 21-ամյա տարելիցին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հրավիրվածների թվում էին Քուվեյթի արտգործնախարարության, տեղական իշխանությունների և գործարար շրջանակների, տեղական լրատվամիջոցների և հեռուստաընկերությունների, ինչպես նաև քուվեյթահայ համայնքի ներկայացուցիչներ, կառավարող Ալ-Սաբահ ընտանիքի անդամներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ և մտավորականներ: Ընդունելության գլխավոր հյուրն էր Քուվեյթի Պետության առևտրի և արդյունաբերության նախարար, բնակարանաշինության հարցերի պետնախարար Անես Խալեդ Ալ-Սալեհը:

Ընդունելությունը նշանավորվեց նաև Քուվեյթի Պետության մայրաքաղաքի` Էլ- Քուվեյթ նահանգի նահանգապետ շեյխ Ալի Ջաբեր ալ-Սաբահի և Ալ-Ահմադի նահանգի նահանգապետ Դր. Իբրահիմ Ալ-Դուայիջի, ինչպես նաև Քուվեյթի Պետության Էմիրի հարազատ քույր, «Օրինակելի մայր» հիմնադրամի նախագահ շեյխա Ֆարիհա Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահի մասնակցությամբ:

Ներկաներին ուղղված իր խոսքում Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը խոսեց Հայաստան - Քուվեյթ երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումների մասին, անդրադարձավ Քուվեյթի Պետության հետ տարբեր ոլորտներում ակնկալվող ծրագրերին և փոխգործակցության խորացման հեռանկարներին, ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու բարձր գնահատեց քուվեյթահայ համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում:

Պետական ընդունելությունն ամբողջացավ ժամանակակից հայ արվեստի ստեղծագործությունները ներկայացնող ցուցահանդեսով և Հայաստանի վերաբերյալ տեսահոլովակի ցուցադրմամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---