ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ. «ԵԹԵ ՄԵՆՔ ԶԳԱՆՔ, ՈՐ ՀՈՒՅՍ ՉԻ ՄՆԱՑԵԼ, ԱՊԱ ՊԱՏԵՐԱԶՄ ԿՍԿՍԵՆՔ»

PanARMENIAN.Net - «Հողն ահա կփախչի Հայաստանի ոտքերի տակից»,- Բաքվի «525» թերթին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Ռամիզ Մելիքովը: Նրա կարծիքով` միջազգային թատերաբեմում ուժերի հարաբերակցությունը փոխվում է ի օգուտ Ադրբեջանի: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ առայժմ բանակցությունների ներուժը չի սպառվել: «Եթե մենք զգանք, որ հույս չի մնացել, ապա պատերազմ կսկսենք»,- խոստացել է Ռ.Մելիքովը: Հերթական անգամ մեղադրելով հայկական կողմին հրադադարի ռեժիմի խախտման մեջ` Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղարը հայտարարել է, որ «ընդհանուր առմամբ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ադրբեջանական դիվանագիտության ձեռքբերած հաջողությունները ջղայնացնում են հայերին, նրանց մոտ լարվածություն են առաջացնում»: Արդյունքում նրանք ջանում են ուժ ցուցադրել եւ դրանով ազդել բանակցությունների գործընթացին, նշել է Ռ.Մելիքովը` հիշեցնելով հունվարին ԵԽԽՎ ընդունած բանաձեւը: «Երկրորդ պատճառը, գտնում եմ, կապված է ապրիլի մոտեցման հետ, երբ հայերը կնշեն ցեղասպանության 90-րդ տարեդարձը: Ամեն տարի այդ ժամանակ նրանց մոտ հոգեկան խանգարմունք է առաջանում, սրվում է բժշկությունից հայտնի եւ միայն հայերին բնորոշ «հայկական հիվանդությունը»: Հայերը ցանկանում են իրենց ուժը ցուցադրել ադրբեջանական ժողովրդին եւ պետությանը: Սակայն այդ ամենը անիմաստ է»,- հայտարարել է Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղարը: Վկայակոչելով ինչ որ ռազմական փորձագետների` Ռ.Մելիքովն ավելացրել է, որ «Աղդամի եւ Տերտերի ուղղությամբ հայերի աշխուժությունը կապված է այն բանի հետ, որ ճակատի գծի այդ հատվածները մոտ են գտնվում Ստեփանակերտին»: «Նրանք այդ հատվածներում վտանգ են սպասում եւ այդ պատճառով գնդակոծում են ադրբեջանական բանակի դիրքերը, փորձում են հսկողության տակ առնել ռազմավարական բարձրունքները»,- հայտարարել է Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղարը` ավելացնելով, որ «այսօր Աղդամի եւ Տերտերի ուղղություններով հիմնական բարձրունքները, դժբախտաբար, գտնվում են հայերի ձեռքում»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---