18 մարտի 2005 - 10:28 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանականները, ինչպես նաեւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներն այսօր ավարտում են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Գորան Լենմարկերի զեկույցի նախագծի քննարկումը, տեղեկացնում է «Արմենպրեսս» գործակալությունը: Հայաստանի պատվիրակության կազմում են երկրի խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը եւՀանրապետական կուսակցության ներկայացուցիչ Մանվել Նիկոյանը: Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչ Էլդար Իբրահիմովը Բաքվի ԶԼՄ-ներին հայտարարել է, որ ադրբեջանցի պատգամավորները գործադրելու են ամեն ջանք, որպեսզի ԵԱՀԿ ԽՎ Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի զեկույցում արտացոլվի ԵԽԽՎ-ում ընդունված Աթկինսոնի զեկույցի եւ բանաձեւի դրույթները, ըստ որոնց` Հայաստանը ճանաչվել Է որպես «օկուպանտ երկիր»: Հուլիսին Վաշինգտոնում անցկացվելու Է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան նիստը, որտեղ եւ ներկայացվելու Է Լենմարկերի զեկույցը: Եթե վերոհիշյալ կետն ընդգրկվի զեկույցում, ապա, Իբրահիմովի ասելով, Հայաստանը «օկուպանտ երկիր» ճանաչելու բանաձեւը կարող է ընդունվել: Հայաստանի պատվիրակության անդամները ձգտում են թույլ չտալ այդ եւ չեզոքացնել Աթկինսոնի զեկույցի հետեւանքները: