Սիրիահայ դիզայների հավաքածուն կցուցադրվի Երևանում

Սիրիահայ դիզայների հավաքածուն կցուցադրվի Երևանում

PanARMENIAN.Net - Երիտասարդ սիրիահայ դիզայներ Գևորգ Նուռ Շադոյանի հավաքածուն կցուցադրվի Երևանում: Ցուցադրությունը տեղի կունենա «Երկրները` մեկ հարկի տակ» փառատոնի շրջանակում: Ինչպես դիզայներն ասաց PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, կցուցադրվեն իր անցյալ տարվա հավաքածուի 25 հագուստներ: «Փառատոնի շրջանակում ես ունեմ իմ տաղավարը, որտեղ ցուցադրվում և վաճառվում են իմ դիզայնով աքսեսուարներ, որոնցից ստացված հասույթը կուղղվի սիրիահայ ուսանողների աջակցությանը: Իսկ մոտ ժամանակներս ես պատրաստվում եմ նորաձևության դպրոց բացել Երևանում, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են»,- նշեց նա:

Մինչև 2009թ. Գևորգ Նուռ Շադոյանը աշխատում և ապրում էր Երևանում, որից հետո հրավեր ստացավ Հալեպում բացելու իր նորաձևության դպրոցը: Սակայն վերջին քաղաքական իրադարձությունները նրան ստիպեցին մարտին վերադառնալ Երևան:

«Երկրները` մեկ հարկի տակ» փառատոնը բացվեց երեկ` սեպտեմբերի 26-ին, Վարդան Մամիկոնյանի արձանին հարող տարածքում: Փառատոնի շրջանակում կազմակերպվել է ցուցահանդես-վաճառք, որի 60 տաղավարներում ներկայացված են 18 պետությունների ապրանքներ: Փառատոնի նպատակն է աջակցել Սիրիայի հայերին. տարածքում դրվելու են արկղեր, որտեղ կարելի է հանգանակել ցանկացած գումար, որը կտրամադրվի Հայաստանում ապրող սիրիահայ ընտանիքներին: Բացի այդ, սիրիահայերին կտրամադրվի նաև ցուցահանդես- վաճառքից ստացված գումարի որոշ մասը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---