Է. Նալբանդյան. Ղարաբաղի հարցում Հայաստանը և միջազգային հանրությունը մեկ լեզվով են խոսում

Է. Նալբանդյան. Ղարաբաղի հարցում Հայաստանը և միջազգային հանրությունը մեկ լեզվով են խոսում

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 67-րդ նստաշրջանում: Իր ելույթում նա մասնավորապես ասել է.«Սաֆարովի սկանդալային գործը լուրջ հարված է հասցրել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին և վտանգել տարածաշրջանային փխրուն անվտանգությունն ու կայունությունը:

Ադրբեջանը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դեմ ուժ գործադրելու իր մշտական սպառնալիքներով, որոնք զուգորդվում են այդ երկրի ղեկավարության ամենօրյա ռազմատենչ հայտարարություններով, ոչ միայն մերժելով երեք համանախագահ երկրների առաջարկները` զինադադարի ռեժիմի ամրապնդման, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, այլև զինադադարի շարունակական խախտումներով ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև շփման գծում, այլև սադրանքներ կազմակերպելով Հայաստանի հետ սահմանին, հայկական պատմական ու մշակութային արժեքների հանդեպ անդադար բարբարոսություններ իրականացնելով:

Մինչ Հայաստանը, միջազգային միջնորդների հետ համատեղ, ջանքեր է գործադրում բանակցային սեղանի շուրջ, Ադրբեջանը բազմապատկում է իր ռազմական բյուջեն` վերջին մի քանի տարիների ընթացքում ավելի քան քսան անգամ և պարծենում է դրանով: Մինչ Հայաստանը և միջազգային հանրությունը կոչ են անում դիպուկահարներին դուրս բերել շփման գծից, Ադրբեջանի ղեկավարությունը մերժում է այն և դիպուկահարների դպրոցներ բացում երիտասարդության համար: Մինչ Հայաստանը կոչ է անում տարածաշրջանային համագործակցության, որը կարող է կողմերի միջև վստահության ամրապնդման գործիք դառնալ, ադրբեջանական իշխանությունները հայտարարում են, որ Թուրքիայի հետ միասին կշարունակեն շրջափակումը մինչև Հայաստանում ոչ մի հայ չմնա:

Հայաստանը և միջազգային հանրությունը մեկ լեզվով են խոսում: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ փաստաթղթերը, որոնք ընդունվել են 2010թ.-ի ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովի և 2008թ.-ի Հելսինկիում, 2009թ.-ի Աթենքում , 2010թ.-ի Ալմաթիում, 2011թ.-ի Վիլնյուսում նախարարական համաժողովների շրջանակներում, համանախագահ երկրների նախագահների հայտարարությունները Մեծ ութնյակի գագաթաժողովների շրջանակներում լ՛Աքիլայում 2009թ.-ին, Մուսկոկայում 2010թ.-ին, Դովիլում 2011թ.-ին և Մեծ քսանյակի գագաթաժողովին 2012թ.-ին՝ Լոս Կաբոսում, դրա վկայություններն են: Հայաստանի դիրքորոշումը համահունչ է այս փաստաթղթերում արտահայտված մոտեցումներին, համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը՝ գնալ կարգավորման դրանց հիման վրա»:

«Չնայած երեք համանախագահ երկրների ակտիվ ջանքերին, անհնարին է եղել կարգավորման գործընթացում բեկում արձանագրել, քանի որ ադրբեջանական կողմը մեկը մյուսի հետևից մերժել է միջնորդների կողմից ներկայացված բոլոր առաջարկները: Անկախ Ադրբեջանի ապակառուցողական պահվածքից, Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծման ուղղությամբ` հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի նպատակների, սկզբունքների ու նորմերի վրա»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ ԳՎ-ում ունեցած իր ելույթում, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---