Հարութ Սասունյան. Պետք է ստեղծել Սփյուռքի խորհրդարան համակարգելու համար Սփյուռքի գործունեությունը

Հարութ Սասունյան. Պետք է ստեղծել Սփյուռքի խորհրդարան համակարգելու համար Սփյուռքի գործունեությունը

PanARMENIAN.Net - «Ցեղասպանության ճանաչո՞ւմ, թե արդարության հետապնդում» թեմայով բացառիկ դասախոսությամբ Հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր հանդես եկավ ճանաչված հասարակական գործիչ, հրապարակախոս, բարերար, Լոս Անջելեսի «Կալիֆորնիա կուրիեր» շաբաթաթերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

Դասախոսության ընթացքում նա խոսեց Հայոց ցեղասպանության, դրա ճանաչման, կորցրած տարածքների և վնասների հատուցման մասին: Բանախոսն անդրադարձավ նաև ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ սփռված հայերի ճակատագրին, նշելով, որ ցեղասպանություն վերապրողների հետագա սերունդների` իրենց հայրենիք վերադառնալու երազանքն այդպես էլ չիրականացավ և նրանք մշտապես մնացին աքսորի ճանապարհին:

«Հայոց ցեղասպանության ճանաչումը և նույնիսկ անտեսումը չպետք է դյուրացնի կամ խափանի դրա քննարկումը միջազգային դատարանների կողմից: Մենք մեր պատմական իրավունքները պետք է հետապնդենք իրավական ուղիներով` եվրոպական, միջազգային դատարանների միջոցով»- ընդգծեց նա:

Դասախոսության ավարտից հետո ուսանողներն ու դասախոսները Հարութ Սասունյանին ուղղեցին մի շարք հարցեր: «Իմ կարծիքով, դրանք վնասակար են հայ ժողովրդի շահերին և մեր պահանջատիրությանը: Ամեն ինչ արել եմ, որ այդ արձանագրությունները չվավերացվեն, և այսօր կարող եմ ասել` բախտավոր ենք, որ Թուրքիան չվավերացրեց այն և վերջինի շնորհիվ պաշտպանվեցին մեր շահերը»:

Իսկ հարցին, թե արդյո՞ք հակադրվելով այդ արձանագրություններին` չենք վտանգում ՀՀ ազգային անվտանգությունը` բանախոսը նշեց. «Հակառակը, դեմ լինելով այդ արձանագրություններին մենք պաշտպանում ենք Հայաստանի անվտանգությունը: Համաձայն եմ, որ Թուրքիայի հետ ստեղծվեն որոշ հարաբերություններ, սակայն դեմ եմ տվյալ արձանագրություններում առկա ձևակերպումներին: Կարծում եմ, որ մեզ օգտակար արձանագրությամբ պետք է Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, որի արդյունքում էլ կբացվեն սահմանները՚: Ցեղասպանության ճանաչման խնդրում արդյո՞ք Հայաստանը և Սփյուռքը արդյունավետ են աշխատում՝ հարցին ի պատասխան Սասունյանն ասաց. «Դեռևս բացթողումներ կան, և անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն, որի արդյունքում նոր կարելի է սկսել որևէ դատական գործընթաց»: Ի դեպ, Հարություն Սասունյանը առաջարկում է ստեղծել 350 պատգամավորից բաղկացած սփյուռքի խորհրդարան և կոորդինացնել սփյուռքի գործունեությունը:

Լինելով սիրիահայ` Հարութ Սասունյանը գնահատեց նաև ներկա իրավիճակը թուրք-սիրիական հարաբերություններում: Նա իրատեսական չի համարում Թուրքիայի հարձակումը Սիրիայի վրա, և այն դիտարկում է որպես «վախեցնող քայլ»: Ըստ բանախոսի, Թուրքիան չի ծրագրում պատերազմել, քանի որ գիտակցում է հետևանքների լրջությունը. «Թուրքիան ուզում է առանց պատերազմի` վախեցնելով և ճնշելով, հասնել իր նպատակին»:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---