13 ապրիլի 2005 - 08:55 AMT
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍԵՎԾՈՎՅԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ՅՈԹԵՐՈՐԴ ԺՈՂՈՎԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՈՒՆԻՍԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի (ԱԶՍԲ) կառավարիչների տարեկան յոթերորդ ժողովը եւ Սեւծովյան ձեռներեցության օրը կանցնեն Երեւանում` 2005 թվականի հունիսի 5-6, հաղորդում է Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը: Ժողովին կմասնակցեն ԱԶՍԲ Կառավարիչների խորհրդի եւ Տնօրենների խորհրդի անդամները: Սեւծովյան ձեռներեցության օրը կհրավիրվեն սեւծովյան տարածաշրջանի երկրների, ինչպես նաեւ մի շարք միջազգային եւ ֆինանսական կազմակերպությունների` Եվրամիության, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Նախատեսվում է նաեւ տարածաշրջանում գործող մասնավոր ներդրողների, բանկերի եւ ձեռներեցների մասնակցությունը: Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկը հիմնադրվել է 1999 թվականին Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի եւ Ուկրաինայի կողմից: ԱԶՍԲ-ն նպաստում է անդամ երկրների տնտեսական զարգացմանը ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ձեռնարկությունների աջակցության ծրագրերի ֆինանսավորման միջոցով: