13 ապրիլի 2005 - 10:06 AMT
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Այսօր Թուրքիայի խորհրդարանում լսումներ են ընթանում, որոնց արդյունքում շատ պետությունների խորհրդարաններ կուղղվեն նամակներ, որտեղ թուրքական կողմը իր դիրքորոշումն է հայտնում այդ երկրների կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման վերաբերյալ»,-այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, նման նամակ կուղղվի նույնիսկ Մեծ Բրիտանիայի խորհրդարան, թեեւ հենց այդ երկրում է 1916 թվականին գրվել «Կապույտ գիրքը», որտեղ շարադրված են 20 դարի առաջին ցեղասպանության փաստերը: «Դա լուրջ հարված կհասցնի Թուրքիայի հեղինակությանը եւ անպայման բումերանգի էֆեկտ կունենա»,-հայտարարել է Վ.Օսկանյանը: Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ գնալով ավելի շատ թուրք մտավորականներ են բարձրաձայն խոսում ցեղասպանության մասին, թեեւ կառավարությունը գերադասում է չլսել նրանց: Թուրքիան ոչ միայն չի ճանաչում ցեղասպանության փաստը, այլեւ ժխտում է, եւ դա մեկ անգամ եւս հաստատում է, որ մենք որպես հայ չպետք է մոռանանք հայ ժողովրդի դեմ գործած այդ ոճրագործության մասին: Այսօր Հայաստանը այն իրավիճակում, երբ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հարցը, մյուս կողմից` Թուրքիան, որն ամեն կերպ աջակցում է Ադրբեջանին: «Հաշվի առնելով այս ամենը մենք չենք կարող անվտանգ լինել: Միջազգային հանրությունը հետեւողականություն է ակնկալում Հայաստանից ցեղասպանության ճանաչման հարցում»,-նշել է նա: Նախարարի խոսքերով, ցեղասպանության փաստի ճանաչումը դուրս է եկել զուտ հայկական հարցի շրջանակներից եւ դա եւս մեկ քայլ է Թուրքիայի կողմից այդ փաստը ճանաչելու ճանապարհին: «Հայոց ցեղասպանության 90-ամյակի նախաշեմին մենք պետք է գործենք առավել հետեւողականորեն եւ վճռական»,-նշել է Հայաստանի արտգործնախարարը: Մեկնաբանելով ընթացիկ տարվա հոկտեմբերին կայանալիք լսումները ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ` Վ.Օսկանյանը նշել է, որ ԵՄ-ն ցեղասպանությունը ճանաչելու պահանջ չի ներկայացրել, թեեւ լսումների ընթացքում այդ հարցը անկասկած կքննարկվի: