ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴՐՍԵՎՈՐՎԵԼ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

PanARMENIAN.Net - Հայերի հանդեպ ցեղասպանությունը իրագործվել է ոչ միայն 1915 թվականին, այլ 1906-1923 թթ. ընթացքում եւ դրսեւորվել է ոչ միայն զանգվածային սպանությունների միջոցով: Այդ մասին այսօր Երեւանում Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջազգային խորհրդաժողովի ընթացքում հայտարարել է Յադ Վաշեմի Հոլոքոսթի զոհերի եւ Հերոսների հիշատակի հանձնաժողովի գիտական խորհրդական Եհուդա Բաուերը: Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանությունը եւ Հոլոքոսթը տարբերվում են նրանով, որ դրանց իրագործամն ժամանակ աշխարհի տերությունները չեն կարողացել կամ չեն ցանկացել կանխել դրանք: Մասնավորապես, Ե.Բաուերը գտնում է, որ աշխարհը կարող էր կանխել Հոլոքոսթը, իսկ Հայերի ցեղասպանությունը չի ցանկացել կանխել, քանի որ Թուրքիան այդ ժամանակ Ավստրո-հունգարական դաշինքի դաշնակիցն էր: Վերջին տարիների ցեղասպանությունները, մասնավորապես Ռուանդայում եւ Դարֆուրում, չեն կանխվել, բայց կարող էին կանխվել, գտնում է իսրայելցի գիտնականը: Նրա կարծիքով, նոր ցեղասպանությունների կանխարգելման համար անհրաժեշտ է խուսափել ակադեմիական քննարկումներից, քանի որ գիտնականները կարող են միայն այդ ոճրագործության սահմանումը տալ: Մինչդեռ, գտնում է նա, միջազգային հանրությունը պետք է ակտիվացնի ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման կամ ռիսկի նվազեցման իրավական մեխանիզմների ձեւավորման ուղղությամբ, քանի որ լիովին բացառել դրանց կրկնության հնարավարությունը չի կարելի: Այդ ուղղությամբ առաջին իրական քայլը միջազգային դատարանի ստեղծումն էր Հռոմում, որը այնուհետեւ տեղափոխվեց Հաագա: Հաջորդ քայլը պետք է դառնա իրավական մեխանիզմների ձեւավորումը, որոնցից պետք է օգտվեն միջազգային կառույցները: Անդրադառնալով Թուրքիայի ժխտողական դիրքորոշմանը` Բաուերը նշել է, որ այդքան էլ կարեւոր չէ, որ Թուրքիան պաշտոնապես ճանաչի այդ հանցագործությունը: Առավել կարեւոր է, որ թուրքական հասարակության մեջ քիչ չեն այն մարդիկ, որոնք որակում են տեղի ունեցածը որպես ցեղասպանություն եւ դատապարտում են Թուրքիայի ներկա իշխանություններին, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---