22 ապրիլի 2005 - 12:46 AMT
ԱՌԱՆՑ ՎԻԶԱՅԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԲՆԱԿՎԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԵՐԿԱՐԱՑՎԻ
Այսօր Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Գեորգի Բոոսին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Գեորգի Բոոսը փոխանցել է Ա. Բաղդասարյանին ՌԴ Պետդումայի նախագահի ցավակցական ուղերձը Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կախպակցությամբ: Ա. Բաղդասարյանի խոսքերով` տարեցտարի ավելանում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող երկրների թիվը: Նրա խոսքերով` դա վկայում է աշխարհում հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ակտիվացման եւ սերունդների առջեւ մարդկության պատասխանատվության գիտակցման մասին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ երկու երկրների միջպետական եւ միջխորհրդարանաան հարաբերություններին առնչվող հարցեր: Ա.Բաղդասարյանի նախաձեռնությամբ` կողմերը քննարկել են ռուսաստանաբնակ հայերի իրավական կարգավիճակի հարցը, որը հնարավորություն կտա հայերին իննսուն օր առանց վիզայի բնակվել Ռուսաստանում: Պարոն Բոոսն իր հերթին առաջարկել է հարցը կարգավորել իրավապայմանագրային դաշտում: Կողմերը բարձր են գնահատել «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով ՌԴ-ին փոխանցված ձեռնարկությունների վերագործարկումը: