25 ապրիլի 2005 - 08:26 AMT
«ԱՐՄԱՎԻԱ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱԿՑԻԱՆ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 60-ամյակի կապակցությամբ «Արմավիա» ավիաընկերությունը 2005 թ. ապրիլի 25-ից մինչեւ 2005 թ. մայիսի 15-ը իրականացնում է ՀՄՊ վետերանների եւ հաշմանդամների արտոնյալ տեղափոխման` «Հաղթանակի օր» ակցիան: Այդ ակցիայի շրջանակներում «Արմավիա»-ն ՀՄՊ մասնակից վետերաններին եւ հաշմանդամներին տրամադրում է ավիաընկերության` ԱՊՀ երկրներ ուղղություններով կանոնավոր չվերթերով անվճար թռիքչքի հնարավորություն: «Հաղթանակի օր» ակցիայի շրջանակներում տոմսերի ձեւակերպումը հնարավոր կլինի «Արմավիա» ավիաընկերության վաճառքի սեփական գրասենյակներում 2005 թ. ապրիլի 25-ից մայիսի 15-ը: Ուղեւորության սկիզբը պետք է տեղի ունենա 2005 թ. մայիսի 01-15-ը ժամանակաշրջանում, տոմսը իրական կլինի առաջին թռիչքի ամսաթվից մեկ ամսվա ընթացքում: Տոմսերը տրամադրվում են էկոնոմ կարգով թռիչքի համար, գնալ-գալու համար տոմս ստանալիս անհրաժեշտ կլինի վճարել միայն գործող կանոներով նախատեսված տուրքերը: Պետք է նշել, որ այս ակցիայի շրջանակներում փոխադրման ձեւակերպման ժամանակ ուղեւորներից չի վերցվում նաեւ վառելիքային տաքսան: Հայաստանում առաջին անգամ է նման ակցիա անցկացվում Հաղթանակի օրվա տոնակատարության նախօրեին, ինչի շնորհիվ շատ վետերաններ կկարողանան հանդիպել մարտական ընկերների եւ բարեկամների հետ, այցելել այն տեղերը, որտեղ անցել են մարտական գործողությունները: «Արմավիա» ավիաընկերությունը հետագայում էլ կկազմակերպի Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների համար հատուկ ակցիաներ, որոնք արդեն ավանդույթ են դառնում, հաղորդում է ԱվիաՊորտ.Ռու-ն: