Գերագույն հոգևոր խորհուրդ. Անհնազանդ եկեղեցականները կպատժվեն` ընդհուպ մինչև կկարգալուծվեն

Գերագույն հոգևոր խորհուրդ. Անհնազանդ եկեղեցականները կպատժվեն` ընդհուպ մինչև կկարգալուծվեն

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը` ընդլայնված կազմով:

Ժողովի սկզբում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքական տեղապահ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի և Կ. Պոլսի Հայոց Պատրիարքությունից Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի մասնակցությունը ժողովին:

Մինչ օրակարգին անցնելը Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն աղոթք բարձրացրեցին Երուսաղեմի Հայոց Պատրիարք երջանկահիշատակ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի և Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանի հոգու հանգստության համար:

Ժողովի նիստերն ատենապետեցին Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը և Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Գերագույն հոգևոր խորհրդին Երուսաղեմի Հայոց Պատրիարքության վերաբերյալ տեղեկություններ փոխանցեց Պատրիարքական տեղապահ Արիս Սրբազանը` շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին` Երուսաղեմի Ս. Աթոռին և եկեղեցական դասին ցուցաբերվող զորակցության համար: Ժողովականներն իրենց գնահատանքը հայտնեցին պատրիարքական տեղապահին և Երուսաղեմի զինվորյալ միաբանությանը նրանց նվիրյալ ծառայության համար` մաղթելով, որ Աստված զորավիգ լինի Երուսաղեմի Ս. Աթոռին և օգնական` տեղապահ Սրբազանին` կազմակերպելու պատրիարքական առաջիկա ընտրությունները:

Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության գործունեության վերաբերյալ զեկուցեց Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Գերագույն հոգևոր խորհուրդն ի գիտություն ընդունեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի զեկույցն առաջիկա տարի գումարվելիք Հայ Եկեղեցու Ընդհանուր եպիսկոպոսաց ժողովի առնչությամբ, որին մասնավորապես քննության կառնվեն Հայ Եկեղեցու ծիսական հանձնաժողովի և սրբադասման հանձնաժողովի կատարած աշխատանքները:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Մայր Աթոռի միջոցառումների մասին զեկույց ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Քննարկելով ներկայացված նախագիծը` Գերագույն հոգևոր խորհուրդն իր գնահատանքը հայտնեց հանձնախմբին կատարված աշխատանքի համար:

Ժողովականները մտահոգությամբ անդրադարձան Սիրիայում շարունակվող ողբերգական իրադարձություններին` ցավով արձանագրելով Սիրիայի ժողովրդի և սիրիահայ համայնքի կրած կորուստները, ինչպես նաև օրեր առաջ Հալեպի Ս. Գևորգ հայկական եկեղեցու հրդեհման պարագան: Քննարկվեցին սիրիահայությանը զորակցելու ուղիներ, կարևոր նկատվեց նաև, որ եկեղեցական և ազգային կառույցները օգնություն ցուցաբերեն Հայաստանում ապաստան գտած հայորդիներին: Ծանուցվեց, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինն արդեն երկու հարյուր հազար դոլար օգնություն է փոխանցել Դամասկոսի հայոց թեմին` սիրիահայության կարիքները հոգալու համար, իսկ Մայր Աթոռում գործող Կլոր սեղան միջեկեղեցական հիմնադրամը օգնություն է ցուցաբերելու Հայաստանում գտնվող սիրիահայերին:

Գերագույն հոգևոր խորհուրդը քննության առավ նաև մի շարք կարգապահական հարցեր, ի մասնավորի` թեմերում սպասավորող Մայր Աթոռի միաբանների` հնգամյա ծառայության ավարտին Մայր Աթոռ վերադառնալու պարագան և Հայաստանի թեմերի հոգևոր հովիվների` սպասավորության վայրերում բնակության խնդիրը: Պարտադիր նկատվեց, որ համաձայն ԳՀԽ որոշման, Հայ Եկեղեցու տարբեր թեմերում սպասավորող Մայր Աթոռի միաբանները հնգամյա սպասավորությունից հետո Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ անպայման վերադառնան Մայր Աթոռ Ս. Էջմիածին: ժողովականները կարևորությամբ շեշտեցին նաև թեմերի քահանաների պարտադիր բնակության անհրաժեշտությունն իրենց հովվության տարածքներում, ինչը պայման է թեմերում ծխական կյանքի աշխուժացման: Այս խնդիրների առնչությամբ ԳՀԽ-ը որոշեց, որ անհնազանդ եկեղեցականների նկատմամբ կիրառվեն վարչական պատիժներ` ընդհուպ մինչև կարգալուծություն:

Գերագույն հոգևոր խորհուրդը նաև հորդորեց ՀՀ և Սփյուռքի զանգվածային լրատվամիջոցներին` զերծ մնալու հոգևոր կոչումից զրկված` կարգալույծ եղած անձանց քահանայական անվամբ ներկայացնելուց` ընդգծելով, որ նման երևույթները տեղիք են տալիս թյուր ըմբռնումների հավատացյալների շրջանակում և չեն բխում հայ եկեղեցու և ժողովրդի շահերից:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---