Արցախում կառուցվում է Սուվորովի և Մադաթովի անվան զինվորական ուսումնարան (վիդեո)

Արցախում կառուցվում է Սուվորովի և Մադաթովի անվան զինվորական ուսումնարան

PanARMENIAN.Net - Արցախի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակում մեկնարկել է Սուվորովի և Մադաթովի անվան զինվորական ուսումնարանի ստեղծման ծրագիրը: Աշխատանքների համակարգողն է լեգենդար Կոմանդոսը՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:

Ըստ նրա, ուսումնարանի բացման գաղափարը պատկանում է արցախյան Վան գյուղից սերող Լևոն Հայրապետյանին, որը ստանձնել է նախագծի ֆինանսավորումը: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հայտնել «Ղարաբաղի Սուվորովի և Մադաթովի անվան զինվորական ուսումնարան» նախագծի իրականացման հանձնախմբի մամլո ասուլիսում:

Ուսումնարանի սաները հենց դպրոցահասակ տարիքից զինվորական կրթություն կստանան: Նման ուսումնարանների փորձ կա Ռուսաստանում, ինչպես նաև Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում: «Մեր նպատակն է այժմ յուրացնել արտերկրի փորձը: Արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ»,-ասել է Կոմանդոսը՝ հավելելով, որ Հայաստանի և Արցախի պաշտպանությունը համայն հայության պարտքն է: Ուստի, նա կարևորեց Սփյուռքի մասնակցությունն այդ սուրբ գործին:

Սուվորովի և Մադաթովի անվան զինվորական ուսումնարանը համապատասխանելու է բոլոր արդիական միջազգային նորմերին ու չափանիշներին: Ըստ նախագծի, ռազմական ու կենցաղային մասնաշենքերից բացի, ուսումնարանը կունենա հանդիսությունների մեծ սրահ, ֆուտբոլի դաշտ տրիբունաներով, հարթակներ բռնցքամարտի ու ըմբշամարտի, ծանրամարտի համար, բասկետբոլի, վոլեյբոլի դաշտեր և թենիսի հարթակ, ինչպես նաև մրգատու այգի ու ծաղկանոց:

Գանձասարից ոչ հեռու զինվորական ուսումնարանի բացումը մի խումբ ազդեցիկ սփյուռքահայերի կողմից իրականացվող մեծ ծրագրի մի մասն է, որի նպատակն է միավորել հայության տարբեր շերտերին Հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջ: Այդ ծրագրի մյուս փուլերը գաղտնի են պահվում: Դրանք կհրապարակվեն իրադարձությունների զարգացմանը զուգընթաց:

Նախագծի իրականացման հանձնախումբը նախապատրաստել է տեսահոլովակ, որը ներկայացվում է հանրության ուշադրությանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---