Ուրուգվայը դատապարտում է ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու հերոսացումը

Ուրուգվայը դատապարտում է ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու հերոսացումը

PanARMENIAN.Net - Ուրուգվայը դատապարտում է ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու Ադրբեջանում նրան հերոսի կոչում շնորհելու քայլը: Այս մասին հայտնել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկո ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ: «Մենք միշտ պայքարել ենք մարդկանց հավասար իրավունքների համար: Դատապարտում ենք բոլոր այն գործողությունները, որոնք ոճրագործություն են: Մարդու իրավունքների պաշտպանությունը մեծ կարևորություն ունի միջազգային ասպարեզում, և պատրաստ ենք աջակցել բոլոր այն հակամարտությունների ու վիճահարույց խնդիրների լուծմանը, որոնք կընթանան խաղաղ ճանապարհով»,- ասել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հովիկ Աբրահամայանն իր հերթին նշել է, որ սաֆարովյան գործը աննախադեպ երևույթ էր, քաղաքական նպատակներով իրականացված անբարոյական քայլ, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ թե Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացին, թե տարածաշրջանում լարվածության թուլացմանը և կայունության հաստատմանը: Նա ներկայացրել է Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկած քայլերը և միջազգային հանրության դատապարտող արձագանքները:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ հայկական կողմը դրա լուծումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Մեզ համար շատ կարևոր է հրադադարի պահպանումն ու համարտության լուծումը խաղաղ բանակցությունների ճանապարհով»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը: Նա բարձր է գնահատել 2011թ. սեպտեմբերին Մոնտեվիդեոյում կայացած Ուրուգվայի Հայ Ազգային խորհրդի և Ուրուգվայ-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի կողմից կազմակերպված համաժողովի ժամանակ Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրո Լեմեսի` Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հնչեցրած տեսակետը, ըստ որի. «Լեռնային Ղարաբաղը եղել և ներկայումս էլ անմիջականորեն կապված է Հայաստանին, նրա հայ բնակչությանը, և որ Ղարաբաղի անկախությունը կամ ապագայում Հայաստանին միանալը լավագույն ճանապարհն է Լեռնային Ղարաբաղի համար»: Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ այս տեսակետը լիովին արտացոլում է ղարաբաղյան հարցի վերաբերյալ հայկական դիրքորոշումը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---