Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետի և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետի և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում նոյեմբերի 13-ին մեկնել է բավականին մեծ և լավ կազմակերպված հայկական համայնք ունեցող Լիոն, որտեղ հանդիպել է Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Երևանի և Լիոնի միջև ձևավորված և արդեն որոշակի պատմություն ունեցող արդյունավետ համագործակցության մասին՝ բարձր գնահատելով այս ձևաչափով հայ֊-ֆրանսիական գործընկերային կապերը: Այդ տեսանկյունից կարևորվել է երկու քաղաքապետարանների ներկայացուցիչների պարբերական դարձած փոխայցելությունների ավանդույթը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ժերար Կոլոմբին այն շարունակական հետաքրքրության համար, որ նա ցուցաբերում է Հայաստանի և հայությանը հուզող հարցերի նկատմամբ, ինչպես նաև բազմակողմ աջակցության, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում սենատոր Կոլոմբի անուրանալի ներդրման ու Երևան-Լիոն հարաբերությունների ձևավորման գործում ունեցած ավանդի համար: Հանրապետության նախագահը համոզվածություն է հայտնել, որ հայ-ֆրանսիական բարեկամությունն այսուհետ ևս կշարունակի ամրապնդվել նաև ի շնորհիվ Հայաստանի և Ֆրանսիայի քույր քաղաքների գործընկերության ու բարեկամության:

Հանդիպման ավարտին Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի անունից՝ ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի, տրվել է պաշտոնական ճաշ:

Լիոնում Նախագահը հանդիպում է ունեցել նաև Ֆրանսիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Ֆրանսիայի խոշորագույն արդյունաբերական շրջաններից մեկի՝ Ռոն-Ալպի առևտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցած այդ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Նախագահը խոսել է Ֆրանսիայի և, մասնավորապես, Լիոնի գործարարներին հետաքրքրող վերջին նախաձեռնությունների ու զարգացումների, իրականացվող բարեփոխումների, հայ-ֆրանսիական տնտեսական կապերի, առևտրատնտեսական պատմական հարաբերությունների ու այդ հարաբերությունների խորացման հեռանկարի մասին: Սերժ Սարգսյանը նշել է, որ անկախ Հայաստանի տնտեսական հնարավորությունները, այդ ոլորտում հայ-ֆրանսիական ներուժը լիարժեքորեն և արդյունավետ օգտագործելու դեպքում, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները հնարավոր է զգալիորեն մեծացնել, անգամ՝ բազմապատկել:

Հանրապետության ղեկավարը հանդիպման մասնակից գործարարներին մաղթել է հաջողություններ հետագա ձեռնարկումներում ու համատեղ ծրագրերում՝ ի շահ հայ-ֆրանսիական հարաբերությունների և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման:

Ավելի ուշ Լիոնի քաղաքապետարանում ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, ի պատիվ ՀՀ նախագահի, Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի անունից տրվել է ընդունելություն: Լիոնի քաղաքապետն ընդունելության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել Լիոնի Պատվո հուշամեդալը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---