14 նոյեմբերի 2012 - 19:42 AMT
ԲՀԿ խմբակցության անդամներն իրենց մտահոգություններն են հայտնել Լատվիայի դեսպանին

Նոյեմբերի 14-ին Հայաստանում Լատվիայի դեսպանը հանդիպեց ԲՀԿ խմբակցության անդամների հետ: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, խմբակցության անդամներ Էլինար Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը և Վահան Կարապետյանը հանդիպեցին Ն.Գ. Գինտոս Ապալսի հետ: Ողջունելով հյուրին` Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց կուսակցության առաջիկա ծրագրերը, եվրոպական ինտեգրման ուղղությամբ կատարվող աշխատանքները` նշելով, որ եվրոպական ինտեգրացիան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար կարևորագույն ուղղություններից մեկն է: Զրուցակիցները քննարկեցին ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցություններին, ինչպես նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրին առնչվող հարցեր:

Անդրադառնալով Հայաստան-Լատվիա հարաբերություններին, ինչպես նաև Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի ժամանմանը Հայաստան` Նաիրա Զոհրաբյանն ափսոսանք հայտնեց Լատվիայի ԱԳ նախարարի վերջին շրջանում արած հայտարարությունների վերաբերյալ: Մասնավորապես անդրադառնալով ընդամենը մեկ ամիս առաջ Էդգարս Ռինկևիչսի «Ինչու է կարևոր Արևելյան գործընկերությունը» հոդվածին` նա ափսոսանք հայտնեց, որ Լատվիայի ԱԳ նախարարը, առանձնացնելով Վրաստանը և Մոլդովան` որպես երկրներ, որոնք լրջագույն առաջխաղացում ունեն եվրոպական ինտեգրման և ժողովրդավարության հարցում, փորձում է անհարկի հավասարության նշան դնել Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Տիկին Զոհրաբյանը հույս հայտնեց, որ Հայաստանում լինելու օրերին Լատվիայի արտաքին գործերի նախարարը կվերանայի իր դիրքորոշումը: Խմբակցության քարտուղարը նշեց, որ մեր երկրում ևս բազում խնդիրներ կան եվրաինտեգրման ճանապարհին, բայց Հայաստանն Ադրբեջանի հետ համեմատելու համար պետք է ունենալ շատ վառ երևակայություն:

Այնուհետև անդրադառնալով 2012 թվականի փետրվարին Էդգարս Ռինկևիչսի` Բաքու կատարած այցին և Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը` Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ըստ ադրբեջանական մամուլի` Ռինկևիչսը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության խնդիրը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ: Տիկին Զոհրաբյանն ափսոսանք հայտնեց, որ ադրբեջանական մամուլի այս հայտարարությանը Լատվիայի ԱԳ նախարարության պաշտոնական հերքում կամ պարզաբանում չհետևեց, ինչը նա ակնկալում է ստանալ երևանյան այցի ժամանակ:

Լատվիայի դեսպան Ն.Գ. Գինտոս Ապալսը շնորհակալություն հայտնեց անկեղծ զրույցի համար և հույս հայտնեց, որ այցի ընթացքում բոլոր խնդիրները և կնճիռները, որոնք առաջացել են այս կամ այն հայտարարության հետ կապված` ԱԳ նախարարի այցի ընթացքում կպարզաբանվեն, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: