2013թ. պետբյուջեի նախագիծը խրախուսում է արտագաղթը, գտնում է ՀԱԿ-ը

2013թ. պետբյուջեի նախագիծը խրախուսում է արտագաղթը, գտնում է ՀԱԿ-ը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-ին խորհրդարանը շարունակեց ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Քառօրյայի չորեքշաբթի օրվա վերջին նիստում ԱԺ-ն քվեարկությամբ մերժեց նախորդ օրը քննարկված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել էին ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Վահան Հովհաննիսյանը և Վահան Բաբայանը:

Այնուհետև խորհրդարանը շարունակեց «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները:

Նիկոլ Փաշինյանը, վերլուծելով բյուջեի նախագծով տարբեր ոլորտներին հատկացվելիք ֆինանսական միջոցները, այն որակեց «կոնսերվացման բյուջե»` նշելով, որ ներկայացված նախագիծը ոչ միայն չի կանխարգելում արտագաղթը, այլև խրախուսում է:

Արծվիկ Մինասյանն անդրադարձավ գործազրկության խնդրին և դրա մեղմացմանն ուղղված քայլերի անբավարար լինելուն, արդյունաբերությանը և մի շարք այլ ոլորտներին բյուջետային հատկացումների սակավությանը: Նա հայտարարեց, որ դեմ է քվեարկելու նախագծին:

Արտահերթ ելույթ ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նշելով, որ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում ծախսերի մոտ 27 տոկոսը վերաբերում է սոցիալական պաշտպանության ոլորտին, նախարարը հակիրճ ներկայացրեց 78 ծախսային ծրագրերից մի քանիսը, որոնք հիմնականում ուղղված են դժվարին կացության մեջ հայտնված ընտանիքների, անձանց սոցիալական պաշտպանությանը, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների կարգավորմանը:

Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընգծեց, որ, չնայած նախընտրական տարուն, կառավարության ներկայացրած ֆինանսական փաստաթուղթը նախընտրական չէ, զերծ է պոպուլիզմի, դեմագոգիայի, ամբոխահաճության տարրերից: Էդուրադ Շարմազանովը բյուջեի նախագիծը համարեց իրատեսական և գործողությունների` միաժամանակ նշելով, որ այն «մեր երազանքների բյուջեն չէ», ցանկություններն ավելի հեռուն են գնում:

ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Ռուզաննա Մուրադյանը, նախ ողջունեց սոցիալական ոլորտին բյուջեի 42 տոկոսն ուղղելու ռազմավարությունը, ապա տարվա գլխավոր փաստաթուղթը գնահատեց կրթության ոլորտին հատկացումների տեսանկյունից: Խոսրով Հարությունյանը խոսեց բյուջե 2013-ի երկու առանձնահատկության մասին և նշեց, որ կառավարության հետևողական աշխատանքի արդյունքում ստվերային տնտեսությունը կրճատվել է` վերջին տարիների 50-60 տոկոսի փոխարեն կազմելով 30-40 տոկոս:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ նախագծի վերաբերյալ կառավարությանն է ուղարկել 40 առաջարկ, ցույց տալով դրանց ֆինանսավորման աղբյուրները, սակայն պատասխան չի ստացել:

Քառօրյայի չորեքշաբթի օրվա վերջին նիստում, առաջնորդվելով ԱԺ կանոնակարգով, պատգամավորները հարցեր ուղղեցին կառավարության անդամներին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---