ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբն այցելել է ՀՀ ՊՆ ենթակառուցվածքներ

ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբն այցելել է ՀՀ ՊՆ ենթակառուցվածքներ

PanARMENIAN.Net - ՀՀ ռազմակրթական բարեփոխումներին օժանդակող ՆԱՏՕ-ի հովանու ներքո ձևավորված միջազգային փորձագիտական խումբը նոյեմբերի 11-ից 16-ը հերթական այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աշխատանքային այցի առաջին օրը, պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, փորձագիտական խմբի անդամները հանդիպել են ռազմակրթական բարեփոխումների հարցերով զբաղվող պաշտպանության նախարարության աշխատանքային խմբի անդամներին: Հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմակրթական բարեփոխումներում ՀՀ ԶՈՒ-երի գրանցած առաջընթացին և հետագա անելիքներին առնչվող հարցեր: Փորձագիտական խմբի անդամներն այցելել են նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոն, որի ունկնդիրների համար հանդես են եկել «Կրտսեր շտաբային սպաների գործառույթները» խորագրով դասախոսություններով:

Այցի ընթացքում փորձագիտական խումբը այցելել է նաև ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոց, որտեղ կայացած հանդիպումների ժամանակ քննարկվել են ՀՀ ԶՈւ արհեստավարժ ենթասպայական և սերժանտական կազմի պատրաստության ուսումնական ծրագրի մշակման հարցեր: Նոյեմբերի 15-ին միջազգային փորձագետներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը: Հանդիպման ժամանակ փորձագետները ներկայացրել են իրենց եզրակացությունները և առաջարկությունները ՀՀ ռազմակրթական բարեփոխումների առաջընթացի վերաբերյալ, նախարարի առաջին տեղակալի հետ նախանշվել են ռազմակրթական բարեփոխումների միջազգային խորհրդատվական օժանդակության հետագա ուղիները:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---