Արսեն Ղազարյան. Հայաստանից ապրանք ներկրելու համար Թուրքիայի սահմանած էմբարգոն որևէ իրավական հիմք չունի

Արսեն Ղազարյան. Հայաստանից ապրանք ներկրելու համար Թուրքիայի սահմանած էմբարգոն որևէ իրավական հիմք չունի

PanARMENIAN.Net - Թուրքիա-Հայաստան առևտրաշրջանառությունը գրեթե բացարձակ միակողմանի է: Նախորդ տարվա տվյալներով այն եղել է 240 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում: Հարևան պետությունից Հայաստան է ներկրվում արդյունաբերական հումք, մեքենասարքավորումներ, շինանյութ և այլ ապրանքներ՝ բացառությամբ սննդամթերքի և դեղորայքի: Հայաստանից Թուրքիա լեգալ ճանապարհով ոչինչ չի գնում: «Հայ գործարարները վրացական կամ իրանական փաստաթղթերով որոշ ապրանքատեսակներ են արտահանում, որը մեծ տոկոս չի կազմում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագիրը ներկայացնելիս: Նա տեղեկացրեց, որ ծրագրով փորձել են տնտեսական հարաբերությունների զարգացման համար ուղիներ գտնել և «թուրքական իշխանություններին ճիշտ քաղաքական կեցվածքի բերել»: Նա նաև տեղեկացրեց, որ իրենք Թուրքիայի կառավարությանն առաջարկությունների փաթեթ են ներկայացրել, որով նախատեսում են Թուրքիա-Հայաստան երկկողմ տնտեսական օրինական հարաբերություններ զարգացնել:

Ըստ Արսեն Ղազարյանի՝ համագործակցությունը հնարավոր է տնտեսության բոլոր ճյուղերում: «Ճյուղեր կան, որ միջպետական հարաբերությունների կայացման դեպքում կարող են մեծ պոտենցիալ ունենալ»,- նկատեց նա: «Թուրքիայի կառավարությունը փաստացի առևտուրը չի օրինականացնում, այսպես շարունակվելու դեպքում հնարավոր է հայ գործարարները այլ շուկաներ փնտրեն: Ինչքա՞ն կարող ենք անհավասար վիճակում մնալ: Թուրքիան պետք է հրաժարվի այս դերասանական կեցվածքից»,- ասաց Արսեն Ղազարյանը: Նա նշեց, որ Հայաստանից Թուրքիա կարող են արտահանվել այն բոլոր ապրանքատեսակները, որ այսօր ներկայացված են եվրոպական շուկայում: Արսեն Ղազարյանը նաև տեղեկացրեց, որ Թուրքիայի սահմանած էմբարգոյի համար որևէ իրավական փաստաթուղթ չկա: Եղել է բանավոր խոսք, որը հետագայում դարձել է քաղաքականություն: «Թուրքիան խեղդում է երկու երկրների միջև տնտեսական զարգացումը: Իրենք ընկել են թնջուկի մեջ են չեն կարողանում դուրս գալ»,- եզրափակեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---