24 նոյեմբերի 2012 - 14:35 AMT
Վովա Վարդանով. Սաֆարովի արտահանձնումով կարող էինք սննկացնել Ադրբեջանին, բայց չարեցինք

Ինձ չի գոհացնում, որ Արցախը բանակցային գործընթացից դուրս է մնացել: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Արցախյան պատերազմի մասնակից, Մոնթե Մելքոնյանի մարտական ընկեր, հետախույզ Վովա Վարդանովը: «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը հայ-թուրքական հարց է դարձել: Իսկ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն այնպիսի հաղթաթուղթ էր, որով կարող էինք սնանկացնել Ադրբեջանին, բայց չարեցինք»,- նշեց նա : Անդրադառնալով ղարաբաղյան բանակցային գործընթացում ներկայումս առկա իրադրությանը՝ Վարդանովը նշեց, որ դրա մեղավորը միայն իշխանությունը չէ : «Իշխանությունն ինքն իրենով ամեն ինչ չի անում, ընդդիմությունը պետք է հակակշիռ լինի իշխանությանը, բայց ընդդիմությունն էլ իր հերթին իր գործառույթը չի կատարում, դրա համար էլ այսօր ունենք այն, ինչ ունենք»,- նշեց նա :

Արցախյան ազատամարտիկ, Մոնթե Մելքոնյանի ջոկատի մարտիկ Հովսեփ Հակոբյանն իր հերթին այս առնչությամբ ասաց. «Մեզ՝ արցախյան պատերազմի մասնակիցներիս, գոհացնում է միայն հաղթանակը: Երբ հաղթած երկիրը խնդրողի դերում է սկսում հանդես գալ, մեզ համար դա անհասկանալի է»,- ասաց Հակոբյանը՝ մեջբերելով Մոնթե Մելքոնյանի հայտնի խոսքը. «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը»: