ԱՐԻՖ ՅՈՒՆՈՒՍՈՎ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀՐԱԴԱԴԱՐԻ ԿՆՔՄԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ՇԱՏ ՎԱՂ Է

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի ռեժիմը մշտապես խախտվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի ազատագրել իր «գրավյալ» հողերը»,- հայտարարել է Ժողովրդավարության եւ խաղաղության ինստիտուտի կոնֆլիկտագիտության դեպարտամենտի ղեկավար, փորձագետ Արիֆ Յունուսովը, տեղեկացնում է Բաքվի «525» թերթը: Նրա խոսքերով` դա ոչ ոք չի կարող կանխել: Ադրբեջանի պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները բազմիցս ասել են այդ մասին: Նրանք լավ գիտեն, որ զինադադարի խախտման դեպքում օգտագործվում է թեթեւ զենք: Այսինքն, այդ գործընթացում ծանր մարտեր չեն նկատվում: Ինչպես նշել է Յունուսովը, նախկինում աննպատակահարմար էին գտնում տեղեկացնել այդ մասին հասարակությանը, սակայն այժմ երկու երկրների ներսում առաջացել են որոշակի խնդիրներ, այդ պատճառով, որպեսզի հասարակությանը շեղեն այդ խնդիրներից, նրանք իրազեկ են պահում հրադադարի խախտման մասին: Յունուսովի խոսքերով` հայերը չեն համարձակվում ձեռնարկել լուրջ մարտական գործողություններ, քանզի դրա արդյունքում Հայաստանը կարող է ողբագին իրավիճակում հայտվել: Փորձագետի կարծիքով` «հասարակ հայերը Հայաստանի ներկա կառավարության դեմ են հանդես գալիս, քանզի նրանք հասկանում են, որ պատերազմը կավարտվի ոչ ի օգուտ Հայաստանի եւ հատկապես այդ պատճառով աճում է Հայաստանի ներկայիս նախագահ Ռոբերտ Քոչարյանի հակառակորդների թիվը»: Նա նաեւ նշել է, որ «Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանում խաղաղ պայմանագրի կնքում հնարավոր չէ, քանզի նա պատրաստ չէ գնալ փոխզիջման»: «Հայաստանի ներկայիս իշխանությունները ձգտում են փոխզիջման հասնել Ադրբեջանից, սակայն այդ դեպքում Ադրբեջանը կարող է զրկվել Լեռնային Ղարաբաղից: Նման քայլ չի ձեռնարկի ոչ մի կառավարություն եւ ադրբեջանական ժողովուրդը չի տա Ղարաբաղը»,- հայտարարել է նա: Նրա խոսքերով` այդ իրավիճակում հրադադարի կնքման մասին խոսելը շատ վաղ է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---