Եվրոպացի փորձագետներն ուսումնասիրում են անվտանգության ոլորտում Հայաստանի կարիքներն ու փորձը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նոյեմբերի 28-ին հանդիպեց Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի փորձագետների հետ:

Նրանք նպատակ ունեն նախնական ուսումնասիրություն կատարելու Հարավային Կովկասի հանրապետություններում` անվտանգության ոլորտի բարեփոխումների կենտրոնի նախագծի իրականացման համար:

Նախագծով զբաղվող առաջատար կազմակերպությունը Սլովակիայի Եվրոպական և Հյուսիսատլանտյան գործերի կենտրոնն է, որի գործընկերներն են Չեխիայի և Լեհաստանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտները, Հունգարիայի Հանրային ծառայության ազգային համալսարանը, իսկ Հայաստանում` «Սպեկտրում» ռազմավարական վերլուծական կենտրոնը:

Ինչպես հյուրերը ներկայացրին, իրենց հանդիպումների նպատակը անվտանգության ոլորտում Հայաստանի կարիքների ու փորձի քննարկումն է, ներկա իրողությունների արձանագրումը և ճշգրտումն այն հարցի, թե ինչպես կարող է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի փորձը կիրառվել Հայաստանում:

Կորյուն Նահապետյանը, կարևորելով փորձագետների առաքելությունը, նկատեց, որ տարածաշրջանի երեք հանրապետություններում անվտանգության խնդիրները և ընդհանրություններ ունեն, և զգալի տարբերություններ, որոնք պայմանավորված են հիմնախնդիրների առանձնահատկություններով և որոնց պատճառները պետք է լավագույնս ուսումնասիրվեն` օբյեկտիվ ու ճշմարիտ հետևություններ անելու և արդյունավետ համագործակցություն ծավալելու համար:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ Ազգային ժողովի և նրա մարմիններից մեկի` պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կարևորագույն գործառույթներից մեկը ուժային կառույցների խորհրդարանական վերահսկողությունն է, որն իրականացվում է օրենսդրական բարեփոխումների ու դրանց կիրառման, բյուջետային վերահսկողության, գործադիր մարմնի հետ տարբեր ձևաչափերով քննարկումների և ստուգայցերի ճանապարհով:

Այս ոլորտում եվրոպացի փորձագետների հետ կարող է արդյունավետ համագործակցություն ծավալվել, եթե նրանք կոնկրետ առաջարկներով հանդես գան, ներկայացնեն իրենց երկրների փորձը: Ըստ Կորյուն Նահապետյանի` համագործակցության ձևեր կարող են լինել նաև մասնագետների վերապատրաստումը, ուսումնական դասընթացները, ոլորտին վերաբերող ձեռնարկների հրատարակությունները: Նա փորձագետներին առաջարկեց համագործակցության կոնկրետ ձևերի մասին ներկայացնել իրենց պատկերացումները, որպեսզի ուղղությունները հստակեցվեն և համագործակցությունը հետագայում դառնա առավել արդյունավետ, հաղորդում է ՀՀ ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---