ՀԱԿ-ը՝ պատմության նոր դասագրքի մասին. Մեղավոր են բոլորը՝ հեղինակից մինչև ԵՊՀ ռեկտորը և ԿԳՆ-ն

ՀԱԿ-ը՝ պատմության նոր դասագրքի մասին. Մեղավոր են բոլորը՝ հեղինակից մինչև ԵՊՀ ռեկտորը և ԿԳՆ-ն

PanARMENIAN.Net - Արդեն մեկ շաբաթ է, ինչ հասարակական լայն քննարկման առարկա է ԵՊՀ կողմից բուհերի համար որպես ուսումնական ձեռնարկ հրապարակված «Հայոց պատմության»՝ Մարտի 1-ին վերաբերող հատվածը։ ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում անդրառնում է ընդդիմության կազմակերպած ցույցերի մասին գրքում տեղ գտած տեղեկատվությանը:

«Այստեղ ընդդիմությունը մեղադրվում է ապօրինի հանրահավաքների, հրազեն կրելու և օգտագործելու, սպանությունների, խանութների կողոպուտի, մեքենաների հրկիզումների մեջ։ Տվյալ հատվածը ճշգրիտ պատճենումն է Մարտի 1-ի և հարակից իրադարձությունների մասին 2008թ. իշխանական վարկածի, ինչը նրանք հրապարակեցին անմիջապես։ Դրանք շինծու, կեղծ մեղադրանքներ էին, այնքան, որ անհնար եղավ այդ հոդվածներով ընդդիմության ներկայացուցիչներից որևէ մեկի վրա գործ հարուցել, դատավճիռ կայացնել։ Ավելին՝ Հայ Ազգային Կոնգրեսի ջանքերով 2-3 տարվա ընթացքում ամբողջությամբ հերքվեց Մարտի 1-ի իշխանական վարկածը, ինչն իր արտահայտությունը գտավ ինչպես ԵԽԽՎ բանաձևերում և միջազգային այլ փաստաթղթերում, այնպես էլ երկրի ներսում՝ դառնալով ողջ հանրության համոզմունքը։ Հենց այս հիմքի վրա է, որ կալանավորված ու դատապարտված 100-ից ավելի ընդդիմադիրներ ճանաչվեցին քաղբանտարկյալներ և ազատ արձակվեցին ոչ միայն հասարակական, այլև միջազգային ճնշումների շնորհիվ։

Դասագրքի հեղինակները, սակայն, աչք փակելով այս ամենի վրա, պատճենել են վաղուց ամբողջությամբ հերքված իշխանական վարկածը և այն ներկայացրել ուսանողին՝ որպես պատմական ճշմարտություն։ Ուստիև՝ նրանք իրավացիորեն մեղադրվում են պատմական փաստերն աղավաղելու, պատմությունը կեղծելու մեջ։ և քանի որ սույն դասագիրքը մինչև հրապարակվելը մի քանի խմբագրական «ֆիլտրեր» է անցել համալսարանում և նախարարությունում, կեղծարարության մեջ իրավացիորեն մեղադրվում են դասագրքի հիշյալ հատվածի շարադրող հեղինակից սկսած՝ մինչև ԵՊՀ ռեկտորը և կրթության ու գիտության նախարարը։

Սա շատ մեծ գործնական նշանակություն ունի ռեժիմի համար, եթե նկատի ունենանք, որ Հայ ժողովրդի պատմությունը, որպես առարկա, դասավանդվում է բոլոր բուհերում։ Կեղծիքը կատարվել է հատկապես այն դասագրքում, որը հանձնարարվելու, որով քննություն են հանձնելու 16-18 տարեկան բոլոր նրաք, ովքեր բարձրագույն կրթություն են ստանալու որևէ մասնագիտությամբ՝ տարեկան ավելի քան 20.000 երիտասարդ»,- ասված է ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում միանալ այս դասագիրքը շրջանառությունից հանելու հասարակական պահանջին։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---