Սահմանվել են հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության հիմնական ուղղությունները

Սահմանվել են հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության հիմնական ուղղությունները

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-30-ը Երևանում անցկացվել է հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության գերատեսչությունների, ռազմարդյունաբերական ձեռնարկությունների, ինչպես նաև ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչները: Կողմերը հաստատել են Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացման հարցում փոխադարձ շահագրգռվածությունը, քննարկել են հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի արձանագրության կետերի կատարման ընթացքը՝ գնահատելով դրանք դրական:

Համագործակցության շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկու երկրների պաշտպանության նախարարությունների, այլ նախարարությունների և գերատեսչությունների մասով: Սահմանել են ռազմատեխնիկական համագործակցության հիմնական ուղղությունները:

Երևանյան նիստի շրջանակում բելառուսական պատվիրակության անդամներն այցելել են ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, բանակցել են Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության զինված ուժերի ներակայացուցիչների առողջարանային հանգստի կազմակերպման հարցերի շուրջ:

Նիստի արդյունքներով ստորագրվել է հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի արձանագրությունը: Այցի ընթացքում միջկառավարական հանձնաժողովի անդամներն այցելել են Ցեղասպանության թանգարան, ծաղկեպսակ են դրել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Հանձնաժողովի հաջորդ նիստը կանցկացվի 2013թ. Մինսկում:

 Ուշագրավ
---