25 հունիսի 2005 - 08:55 AMT
ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ
«Այս օրը հաջող էր եւ Հայաստանի, եւ Եվրոպայի Խորհրդի համար: Մենք շատ լավ աշխատեցինք հայկական պատվիրակության հետ, համաձայնության եկանք բոլոր հարցերի շուրջ»,-նախօրեին Վենետիկի հանձնաժողովի եւ հայկական պատվիրակության խմբի աշխատանքային նիստի ավարտին ասել է Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջաննի Բուկիկիոն: Ջաննի Բուկիկիոն նշել է, որ բոլոր վիճահարույց հարցերի շուրջ, որոնք վերաբերում էին իշխանության բաժանմանը, դատական իշխանության անկախությանը եւ Երեւանի քաղքապետի ընտրություններին, Հանձնաժողովը եւ հայկական պատվիրակությունը եկել են ընդհանուր հայտարարի: Վենետիկի հանձնաժողովի Սահմանադրական իրավունքի բաժնի պետ Սիմոնա Գրանատա-Մենգրինին անդրադառնալով Երեւանի հարցին նշել է, որ հիմնական հարցը Երեւանի կարգավիճակի որոշումն է: «Այդ հարցում մենք եկանք համաձայնության. Սահմանադրության մեջ պետք է ամրագրվի, որ Երեւանը հանդիսանում է տեղական ինքնակառավարման միավոր, Երեւանի քաղաքապետը պետք է լինի ընտրովի եւ ընտրությունների կարգը պետք է սահմանվի օրենքով»: Ս.Գրանատա-Մենգրինին ընդգծել է.«Եթե ամրագրվի, որ Երեւանը համայնք է, դա էլ բավարար է, քանի որ Սահմանադրության մեկ այլ հոդվածում նշվում է, որ համայնքների ղեկավարները ըմտրովի անձինք են: Ոչ մի խնդիր չի առաջանա, եթե Երեւանի քաղաքապետը ընտրվի այլ կերպ, քան համայնքների ղեկավարները: Կարեւորն այն է, որ նա ընտրվի»: