25 դեկտեմբերի 2012 - 16:40 AMT
Հայաստան կժամանի Ալժիրի անվտանգության խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությունը

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով դեկտեմբերի 26-28-ը Երևանում կգտնվի Ալժիրի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Ալժիրի նախագահի անվտանգության և անդրազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդական Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում է նաև Հայաստանում Ալժիրի արտակարգ և լիազոր դեսպան Սմայիլ Շերգին (նստավայրը` Մոսկվա):

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ԱԱԽ-ից, այցի ընթացքում նախատեսվում են ալժիրյան պատվիրակության հանդիպումները ՀՀ նախագահի, ԱԱԽ քարտուղարի, ՀՀ պաշտպանության նախարարի, ոստիկանապետի հետ:

Արթուր Բաղդասարյանի և Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի անվտանգության ոլորտում հայ-ալժիրյան երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: