ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՐ ԳՈՐԾՆ ԱՆՈՒՄ Է ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է

PanARMENIAN.Net - «Գոյություն ունեցող իրականությունում խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սպառազինության մրցավազքի մասին` ամոթալի երեւույթ է»,- հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ 2005 թվականին պաշտպանության ծախսերն Ադրբեջանում կաճեն մինչեւ 300 մլն դոլար` անցյալ տավա 175 մլն փոխարեն: «Ավելին, կարծում եմ ամոթալի է այդ մասին բարձր հայտարարելը: Եթե մարդկանց նպատակը գերազանցություն ստանալն է եւ այդ մեթոդով ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելը, ապա ինչո՞ւ այդ մասին խոսել այդպես բարձր»,- հարցադրել է նախարարը: Նրա խոսքերով` 300 մլն դոլարն «այնքան էլ մեծ գումար չէ մեզ վախեցնելու համար»: «Ես ասել եմ երեք ամիս առաջ, եւ կրկնում եմ, որ 2005 թվականին հայոց բանակի տրամադրության տակ կան ոչ պակաս միջոցներ եւ հնարավորություններ, քան այդ գումարն է: Այնպես որ 300 մլն դոլարով մեզ չեն վախեցնի, ուղղակի դա անցանկալի է: Դա ես անիմաստ եմ համարում, հատկապես այժմ, երբ բոլորը խոսում են, որ ռազմական ճանապարհը ղարաբաղյան հիմնախնդրի լուծման միջոց չէ»,- ընդգծել է Ս.Սարգսյանը` եւս մեկ անգամ վստահություն հայտնելով, որ ուժային ճանապարհով խնդիրն անհնար է լուծել: «Ենթադրենք Ադրբեջանը մեծացնում է ծախսերը ոչ թե մինչեւ 300 մլն դոլար, այլ 400 մլն... Դրանից ոչինչ չի փոխվի: Դա սառը պատերազմի ժամանակաշրջանում ԽՍՀՄ եւ ԱՄՆ միջեւ սպառազինությունների մրցավազք չէ, երբ միլիոնավոր դոլարներ էր ներդրվում նոր տեսակի սպառազինությունների ստեղծման համար: Սակայն, ինչպես ասում են, ամեն մեկն իր գործն անում է այնպես, ինչպես կարող է», եզրափակել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
---