Հովիկ Աբրահամյանը Մարտին Շուլցին պատմել է ԼՂ շփման գծում ադրբեջանական զինված ուժերի սադրանքների մասին

Հովիկ Աբրահամյանը Մարտին Շուլցին պատմել է ԼՂ շփման գծում ադրբեջանական զինված ուժերի սադրանքների մասին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից մեկը: Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները, որպես առաջնահերթ քայլ, արդեն երկար ժամանակ է, ինչ փորձում են համաձայնություն ստանալ շփման գծից դիպուկահարների հետքաշման, հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի ստեղծման հարցում:

«Վստահ եմ, որ տեղյակ եք, թե որ կողմն է արգելակում նման որոշումների ընդունումն ու իրագործումը: Վստահեցնում եմ Ձեզ, որ հայկական կողմը տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ջատագովն է և իր քայլերը մշտապես կատարելու է միջազգային իրավունքի սկզբունքների շրջանակներում»,-ասել է Հովիկ Աբրահամյանը:

Նա նաև նկատել է, որ Բաքվից անընդհատ հնչում են ռազմատենչ հայտարարություններ ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու վերաբերյալ, իսկ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար սադրանքներ են կազմակերպում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում:

Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և նշել, որ դրանց կարգավորումը կարևոր է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային տեսանկյունից: Նա ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով, հավատարիմ մնացել Ցյուրիխում ստորագրած արձանագրությունների ոգուն, այնինչ Թուրքիան շարունակում է առաջ քաշել արձանագրություններում բացակայող նախապայմաններ, որոնք ի սկզբանե անընդունելի են Հայաստանի համար այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը որևէ կապ չունի և չի էլ կարող ունենալ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման խնդրի հետ:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահայմայնը Բրյուսել էր մեկնել պաշտոնական հրավերով: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Երևան է վերադարձել հունվարի 10-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---