«Առավոտ». ՀԱԿ-ի մասին այսուհետ ավելի շատ պատմաբանները կխոսեն, ասել է Քոքոբելյանը

«Առավոտ». ՀԱԿ-ի մասին այսուհետ ավելի շատ պատմաբանները կխոսեն, ասել է Քոքոբելյանը

PanARMENIAN.Net - Հրանտ Բագրատյանին սատարելու հարցին ի պատասխան Քքոքոբելյանը մասնավորապես ասել է. «Ինչ մնում է Հրանտ Բագրատյանի շուրջը համախմբվելուն` ես չէի ասի Բագրատյանի շուրջը կամ ոչ նրա շուրջ... Ծրագրերը կհրապարակվեն, կքննարկենք և մեր մոտեցումները կհայտնենք: Որևէ մեկին նսեմացնելու կամ գերագնահատելու ցանկություն չունենք: Մեզ համար կարևոր են ոչ միայն ծրագրերը, այլ նաև այն անձը, ով պատրաստվում է դա իրականացնել: Հրանտ Բագրատյանը դիմել է մեզ, դա նորմալ է: Մենք առաջնորդվելու ենք գաղափարական մոտեցումներով և այս գործընթացին խառնվելու ենք միայն այն դեպքում, երբ զգանք, որ մեր մասնակցությամբ կարող ենք բան փոխել: Հակառակ դեպքում` անիմաստ կլինի: Կարծում եմ` քաղաքական դաշտում նախագահական ընտրություններից և առաջ, և հետո տեղի կունենան հստակ վերադասավորողներ, և եթե ազատական ուժերին հաջողվի ընդհանուր հայտարարի գալ` լավ: Ցավում եմ, որ դա մինչև այս պահը չի եղել, ու կարծում եմ, որ պատճառներից մեկն էլ դա է, որ ընդդիմության ազատական թևը չկարողացավ այս պահի դրությամբ միասնական թեկնածու հայտարարելով առաջ գնալ: Հուսամ, որ ինչ-որ խնդիրներ պարզելուց հետո գոնե կկարողանան համախմբվել: Ես դա շատ նորմալ կհամարեմ»:

Հնարավոր համարում եք «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» հարաբերությունների վերականգնումը և Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածության սատարումը հարցին Քոքոբելյանը պատասխանել է.«Այդ թեման մեզ համար փակված է»: Քոքոբելյանն անդրադարձել է նաև Տեր-Պետրոսյանի վերադարձին.«Այն ժամանակ էլ, այժմ էլ ես դա մեծ շարժում եմ համարում: Մենք մտանք ընտրապայքար` Հայաստանում արմատական փոփոխություններ անելու միտումով ու մեսիջներով: Ես չեմ ցանկանա խոսել այն ձախողումների մասին, որոնք եղան: Առանց որևիցե մեկին վիրավորելու միտումի, ես կարծում եմ, որ եղան ձախողումներ, ու գտնում եմ, որ տղամարդկություն կլինի դա ընդունելը նաև այն մարդկանց կողմից, ովքեր ցանկանալով կամ ոչ` օժանդակեցին այդ ձախողողներին: Բայց այդ շարժման ձախողումը Հայաստանի հասարակության, ՀՀ քաղաքացիների համար կորուստ էր: Այն ճիշտ տանելու դեպքում կարելի էր ակնկալել բավականին մեծ փոփոխություններ` ՀՀ քաղաքացու կյանքը բարելավելու առումով: Մենք ոսկե սարեր չէինք խոստանում, բայց որ փոփոխություններ լինելու էին, և որ հասարակությունը զրկվեց այդ հնարավորություններից` ակնհայտ իրողություն է: Իմ խորին համոզմամբ` դա այլևս պատմական իրողություն է, և դրա մասին այսուհետ պետք է ավելի շատ պատմաբանները խոսեն»:

 Ուշագրավ
---