3 ահազանգ՝ վերջին 2 օրում. Դատապարտյալները կարում են բերաններն ու աչքերը

3 ահազանգ՝ վերջին 2 օրում. Դատապարտյալները կարում են բերաններն ու աչքերը

PanARMENIAN.Net - Վերջին 2 օրում Հայաստանի տարբեր քրեակատարողական հիմնարկներից երեք ահազանգ է եղել: «Վանաձոր» ՔԿՀ-ում բերանը կարելու միջոցով անժամկետ հացադուլ է հայտարարել կալանավոր Շալիկո Մանուչարյանը, «Սևան» ՔԿՀ-ում բերանը կարել և հացադուլ է հայտարարել դատապարտյալ Կամո Պապյանը: Իսկ «Վանաձոր» ՔԿՀ-ի մեկ այլ դատապարտյալ՝ Արտակ Հակոբյանը, նամակ է ուղարկել լրատվամիջոցներին և հայտնել, որ կարել է աչքերը:

Վերջին դեպքի հետ կապված Արդարադատության նախարարության ՔԿՀ վարչությունների մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց՝«նման բան չկա»:

Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու տարածքային գրասենյակի աշխատակիցներն այցելել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում բերանը կարելու միջոցով անժամկետ հացադուլ հայտարարած կալանավոր Շալիկո Մանուչարյանին:

Կալանավորի հետ առանձնազրույցի ընթացքում Շալիկո Մանուչարյանը տարածքային գրասենյակի աշխատակիցներին հայտնել է, որ քրեակատարողական հիմնարկի պայմաններից, վարչակազմի վերաբերմունքից դժգոհություններ չունի, միայն բողոքում է իր գործի նախաքննության ընթացքից: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ՄԻՊ գրասենյակի մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանն ասաց, որ ՄԻՊ աշխատակիցները խոսել են Շալիկո Մանուչարյանի փաստաբանի հետ: Կալանավորը բերանը քանդելու ոչ մտադրություն չունի:

«Սևան» քրեակատարողական հիմնարկում, ի նշան բողոքի բերանը կարած և հացադուլ հայտարարած դատապարտյալ Կամո Պապյանն այսօր քանդել է կարերը և դադարեցրել հացադուլը: Ըստ Գոռ Ղլեչյանի՝ դատապարտյալները գտնվում են բժիշկների հսկողության տակ:

«Հրազդան» ՔԿՀ–ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի վերաբերյալ ՄԻՊ-ն առայժմ տեղեկություն չունի: Նաիրա Կարմիրշալյանն ասաց, որ հնարավորության դեպքում, գրասենյակի աշխատակիցներն այսօր կայցելեն նրան: Արտակ Հակոբյանի մասին հայտնի է այն, որ վերջինս բողոքում է ՔԿՀ-ի աշխատակիցների վերաբերմունքից: Նա պնդում է, որ իրեն ծեծել են:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---