Մեկնարկել են «Հայաստանի հարավային երկաթուղու» և «Արագընթաց ճանապարհի» ծրագրերը

Մեկնարկել են «Հայաստանի հարավային երկաթուղու» և «Արագընթաց ճանապարհի» ծրագրերը

PanARMENIAN.Net - Չինաստանը և Ռուսաստանը համագործակցելու են Հայաստանի հետ ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղու զարգացման գործում, որը հանդիսանում է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի էական պակասող օղակներից մեկը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ հայտարարեց 3 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ «Հայաստանի հարավային երկաթուղու» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի» ծրագրերի մեկնարկի մասին այսօր տեղի ունեցած շնորհանդեսի, ստորագրման արարողության և հրապարակային հայտարարության ժամանակ, որին ներկա էին կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, ներդրումային և ինքնիշխան հիմնադրամների ներկայացուցիչներ, ինչպես նաև կորպորացիաների ղեկավարներ Հայաստանից, Չինաստանից, Ռուսաստանից, Միացյալ Արաբական Էմիրություններից և Իրանից: Նաև ստորագրվեց Հայաստանի հարավային երկաթուղու զարգացմանն ուղղված տարածաշրջանային համագործակցության մասին եռակողմ փոխըմբռնման հուշագիր «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲ ընկերության, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ռասիա» ՖԶԷ ընկերության միջև:

Ակնկալվում է, որ Հայաստանի հարավային երկաթուղին լինելու է 316 կմ երկարությամբ էլեկտրաէներգիայով գործող մեկուղանի երկաթուղի, որն ընթանալու է Սևանա լճի մոտ գտնվող Գավառ քաղաքի մոտակայքից դեպի Հայաստանի հարավային սահմանը՝ Մեղրի քաղաքի մոտակայքում և միանալու է Հայաստանի Հանրապետության առկա կենտրոնական երկաթուղային համակարգին: Ակնկալվում է, որ Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհը լինելու է 110կմ երկարությամբ մայրուղի, որը ընթանալու է Սիսիան քաղաքից դեպի Հայաստանի հարավային սահմանը՝ Մեղրի քաղաքի մոտակայքում:

Երկու ծրագրերն էլ կազմելու են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մաս, որն առանցքային դեր է խաղալու տարածաշրջանում միջանցքի երկայնքով տրանսպորտային հաղորդակցության բարելավման և տնտեսական աճի ապահովման հարցում և կազմելու է Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ երթուղին:

Ծրագրերի ավարտվելուն պես ակնկալվում է տարածաշրջանի համար տրանսպորտային ծախսերի և ժամանակի առումով զգալի բարելավում, ինչը կնպաստի առևտրի խթանմանը և տնտեսական աճին տարածաշրջանում, միաժամանակ էապես ամրապնդելով Հայաստանի տնտեսությունը»:

Հայաստանի Հանրապետությունը 2012թ. կոնցեսիոն պայմանագրեր է կնքել Դուբայում հիմնադրված «Ռասիա» ներդրումային ընկերություն հետ կենսական նշանակություն ունեցող այս երկու տրանսպորտային ծրագրերի վերաբերյալ՝ մտադիր լինելով զարգացնել դրանք պետական-մասնավոր գործընկերության հիման վրա: Կոնցեսիաների պայմանները նախատեսում են կոնկրետ ժամկետներ իրագործելիության ուսումնասիրությունների իրականացման, ճարտարագիտական նախագծերի մշակման, ծրագրային ֆինանսավորման և կառուցումն ավարտելու համար և դրանց հաջորդում է 30-ամյա շահագործման ժամանակահատվածը, որը կարող է երկարաձգվել «Ռասիա» ընկերության կողմից ևս 20 տարով:

Ի թիվս այլ առավելությունների, կոնցեսիայի պայմանները «Ռասիա» ընկերությանն իրավունք են շնորհում ազատորեն սահմանել բեռնափոխադրումների սակագները և ճանապարհային վճարները, միաժամանակ պաշտպանություն ապահովելով մրցակից նախագծերից:

«Ռասիա» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկին նշեց, որ «հանդիսանալով «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի պակասող առանցքային օղակ, այս ծրագրերը տարածաշրջանի նկատմամբ զգալի հետաքրքրություն են առաջացրել ռազմավարական և ֆինանսական գործընկերների մոտ, որոնք ակնկալում են մասնակցել դրանց»:

«Ռասիա» ընկերությունն արդեն իրականացնում է ծրագրերի իրագործելիության ուսումնասիրությանը, նախագծմանը, ֆինանսավորմանը, կառուցապատմանը և շահագործմանն ուղղված լայնածավալ գործունեություն, որը հիմնված է կոնսորցիում կազմավորելու ռազմավարություն վրա:

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն պարոն Վիկտոր Ռեբեցը, որը ստորագրել է եռակողմ Փոխըմբռնման հուշագիրը ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության և «Ռասիա» ՖԶԷ ընկերության հետ, իր հայտարարության մեջ նշեց, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության երկաթուղու կոնցեսիոն կառավարումը` համաձայն «Ռուսաստանյան երկաթուղիներ» ԲԲ ընկերության և ՀՀ կառավարության միջև 2008թ. փետրվարի 13-ին կնքված Կոնցեսիոն պայմանագրի:

2008 թվականից մինչև 2012 թվականը ընկած ժամանակահատվածում «ՀԿԵ» ներդրումային ծրագրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 90 մլրդ դրամ, որոնք հատկացվել են «Ռուսաստանյան երկաթուղիներ» ԲԲ ընկերության կողմից: Նշված միջոցների հաշվին իրականացվել է երկաթուղային ենթակառուցվածքի օբյեկտների, առաջին հերթին, ճանապարհային և կայանային տնտեսության, էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, կապի, կենտրոնացման և արգելափակման համակարգերի վերականգնման լայնածավալ ծրագիր:

Այդ ընթացքում ենթակառուցվածքի արդիականացման ծրագրի շրջանակներում վերանորոգվեց ավելի քան 300 կմ գիծ, տեխնոլոգիական նշանակության ավելի քան 160 օբյեկտ, 33 արհեստական կառույց, 130 կմ կոնտակտային ցանց, ավելի քան 140 կմ էլեկտրահաղորդման գիծ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---