24 հունվարի 2013 - 19:30 AMT
ՀՀ Նախագահն ընդգծել է, որ Վայոց ձորը Հայաստանի ամենաինքնատիպ մարզերից է

Սերժ Սարգսյանը հանրապետության մարզերում շարունակում է նախընտրական հանդիպումները, հունվարի 24-ին նա եղել է Եղեգնաձորում:

Նա նշել է, որ յուրաքանչյուրի ներկայությունը շատ թանկ է իր համար և պարտավորեցնող։ «Ինձ այստեղ են բերել ձեր վստահությունը և ակնկալիքները, որոնք ես պարտավոր եմ արդարացնել։ Վերընտրվելու իմ որոշումը հիմնված է առաջին հերթին հենց դրանց վրա։ Անցած տարիներին մենք բավականին գործեր ենք արել միասին, բայց միևնույն ժամանակ, շատ անելիքներ դեռևս առջևում են։ Մենք պետք է տրամաբանական ավարտին հասցնենք ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, ինչպես նաև ձեռնամուխ լինել նոր՝ ավելի ընդգրկուն ծրագրերի իրականացմանը»,- նշել է նա։

Նախագահն ընդգծել է, որ Վայոց ձորը Հայաստանի ամենաինքնատիպ մարզերից է, որտեղ կողք-կողքի են նախնադարյան հնավայրերն ու նորատունկ այգիները, հազարամյակների տարիք ունեցող հնձաններն ու այսօրվա գինեգործությունը, միջնադարյան մշակույթի ու հատկապես ճարտարապետության գլուխգործոցներն ու ժամանակակից բնակավայրերը. «Գյուղի և գյուղատնտեսության խնդիրների միասնական դիտարկումը մենք հայտարարել ենք որպես իրականացվող քաղաքականության առանցքային փոփոխություն: Մենք պարտավոր ենք գյուղում ստեղծել կյանքի հարմարավետ պայմաններ: Եվ մենք ասում ենք՝ չի կարող լինել զարգացող գյուղատնտեսություն՝ առանց հարմարավետ գյուղի: Խրախուսելու ենք գյուղատնտեսական կոոպերացիան, ամեն կերպ խթանելու ենք բարձր ավելացված արժեք ապահովող ճյուղերի՝ խաղողագործության և պտղաբուծության զարգացումը: Ֆինանսական զգալի ներդրումներ են կատարվելու ժամանակակից տեխնոլոգիաներով պտղատու այգիների հիմնադրման և այգեգործության զարգացման ուղղությամբ»:

Նա խոստացել է շարունակել գյուղացիական տնտեսություններին մատակարարել մատչելի գներով վառելանյութ և պարարտանյութ: