Հասարակությունը մտահոգված է Սյունիքի մարզում արոտավայրերը վարձակալության հանձնելու որոշմամբ

Հասարակությունը մտահոգված է Սյունիքի մարզում արոտավայրերը վարձակալության հանձնելու որոշմամբ

PanARMENIAN.Net - Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում հունվարի 16-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի և հայկական պատվիրակության անդամների հետ իրանցի պաշտոնյաների հանդիպման ժամանակ ստորագրվել է չորս փոխըմբռնման հուշագիր տնտեսության ոլորտում համագործակցության մասին: Ստորագրված փաստաթղթերի շրջանակներում, ինչպես հաղորդել է իրանական IRNA գործակալությունը, ենթադրվում է, որ Հայաստանը 5 տարով Արևելյան Ատրպատականին կտրամադրի Սյունիքի մարզի արոտավայրերը 100 000 գլուխ խոշոր եղջերավոր անասունի համար:

Ըստ համաձայնության, արոտավայրերը տրամադրելու դիմաց Հայաստան կառաքվի գյուղատնտեսական տեխնիկա` արտադրված այդ նահանգում: Այդ մասին հաղորդել է Իրանի գյուղատնտեսության նախարարության Ատրպատականի հարցերով բաժնի ղեկավար Մասուդ Մոհամադին:

Սուրեն Խաչատրյանը նաև հանդիպում է ունեցել «Արաս» ազատ առևտրարդյունաբերական գոտու կազմակերպության ղեկավար Սադեհ Նաջաֆլիի հետ, որի ժամանակ կողմերը պայմանավորվել են Իրանի և Հայաստանի սահմանին ստեղծել համատեղ տնտեսական գոտի:

Չնայած նրան, որ Հայաստանի իշխանությունները հավաստիացնում են, որ կառավարությունը նման որոշում չի կայացրել, քաղաքացիական հասարակությունը մտահոգված է նման հնարավոր համագործակցության հետևանքներով: «Մենք մտադիր ենք նամակ հղել գյուղնխարարություն, վարչապետին և նախագահին, որպեսզի բացատրություններ ստանանք այս հարցի շուրջ, որպեսզի իշխանությունները նման համաձայնագրեր կնքելուց առաջ մի լավ մտածեն»,- հունվարի 25-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը: Նրա խոսքով, նման համաձայնագիրը կհանգեցնի ոչ միայն այդ ոլորտում տնտեսական խնդիրների, այլ նաև հարվածի տակ կդնի գյուղացիներին, առավել ևս, որ Հայաստանն առանց այդ էլ հարուստ չէ արոտավայրերով: Բնապահպանն այստեղ քաղաքական ենթատեքստ է տեսնում և առաջարկում Հայաստանի իշխանություններին, նույնիսկ եթե փաստաթուղթն արդեն ստորագրված է, խզել այն, չնայած նրան, որ Իրանի հետ մեր երկիրն ունի բարեկամական հարաբերություններ:

Այս հարցում նրան աջակցել է երիտասարդ ակտիվիստ Վազգեն Գալստյանը, ով ծառայել է այս մարզում և լավ գիտի նրա դիրքի կարևորությունը ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից: Նա հաղորդել է, որ օրենքով սահմանված ժամկետում (5 օր) տեղեկատվություն չի տրամադրվել այդ համաձայնագրի վերաբերյալ հարցմանը, ինչն անհանգստության տեղիք է տալիս:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---