Նոր կուսակցության առաջին համագումարն` այսօր. Ինչո՞վ կտարբերվի «Հայազնը» մյուսներից

Նոր կուսակցության առաջին համագումարն` այսօր. Ինչո՞վ կտարբերվի «Հայազնը» մյուսներից

PanARMENIAN.Net - Այսօր ժամը 13:00-ին Երևանի Անի Պլազա հյուրանոցի Անի սրահում տեղի կունենա «Հայազն» կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցության հիմնադիրներից քաղաքագետ Արմեն Աղայանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ համագումարի ընթացքում կներկայացվի կուսակցության ծրագիրը, կանոնադրությունը, մոտակա քաղաքական անելիքները: Հարցին, թե ինչով է տարբելվելու «Հայազն»-ը մյուս կուսակցություններից, Արմեն Աղայանը պատասխանեց. «Համագումարի ժամանակ մի քանի քաղաքական ելույթ է լինելու, դրանցում էլ կներկայացնենք այդ տարբերությունները, որոնք, կարծում եմ, ահռելի են»:

«Հայազն»-ի ֆեյսբուքյան էջում գրված է. «Կուսակցության գաղափարախոսությունը բխում է հայ սերունդների հետևյալ պարտականություններից.

հարատև պահպանել և բազմացնել Հայոց ոգու կրող մեր ժողովուրդը, ազատել ու պաշտպանել նրա հայրենիքը, մեծացնել արդի և ապագա մարտահրավերներին դիմակայելու ազգային ներուժը; գործել ազգային մտքի և կամքի ազատությամբ, պահպանել և ընդլայնել անկաշկանդ և ազգային առաքելությանը համահունչ գործելու կազմակերպական հնարավորությունը` ազգային-պետական անկախությունը; իրապես ճանաչել, ազատ և անկեղծ ընտրությամբ հավատարիմ մնալ ազգային հոգևոր արժեքներին, փոխանցել դրանք հաջորդ սերունդներին:

«Հայազն» կուսակցության հիմնական նպատակը ազգային-պետականակերտման լայնածավալ, այդ թվում սահմանադրական բարեփոխումների իրականացումն է, որը ենթադրում է պետականության հիմնարար սկզբունքների համապատասխանեցում Հայոց ազգային նկարագրին, հոգևոր արժեքների համակարգին, արդարության և բարոյականության պատկերացումներին, ինքնակազմակերպման և հավաքաբար գործելու ազգային առանձնահատկություններին, ինչպես նաև պատմական արդի ժամանակաշրջանի մարտահրավերներից բխող հիմնախնդիրներին:

Կուսակցությունը` Դեմ է ազգային ինքնիշխանության սահմանափակմանը, վերպետական որևէ կառույցում Հայաստանի ներգրավվմանը: Արցախի խնդրի լուծումը տեսնում է տարածքի բնակեցման, արցախաբնակ ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնման, Արցախը ՀՀ-ից անջատող ակտերի վերացման, իսկ նոր պատերազմի դեպքում բնական և անվտանգ սահմանի վերականգնման միջոցով: Արևմտյան Հայաստանի հարցում մերժում է ներկա բաժանարար գիծը սահման ճանաչելու փորձերը և պահանջում է Ցեղասպանության տարածքային հատուցում: Պաշտպանում է սեփական ճակատագիրը տնօրինելու ջավախահայության իրավունքը:

Կարևորում է Ազգային ինքնության պահպանման և հոգևոր-մշակութային զարգացման խնդիրները, այդ թվում Հայոց լեզվի գերակայության, որակյալ ազգային կրթության, մշակույթի ապաշուկայացման և հակամշակույթի սահմանափակման հարցերը: Տնտեսական համակարգի նշանակությունը սահմանափակում է ազգային-ընկերային նպատակները սպասարկելով, որոնցից առաջնային են պաշտպանունակությունը, ժողովրդագրությունը, տարածքային համաչափ զարգացումը, ընկերային արդարությունը , ներազգային համերաշխությունը և բնական միջավայրի պահպանումը:

Ներքաղաքական կյանքում կուսակցությունը պայքարում է իշխանության կամ հատվածական խմբերի կողմից վարչական, նյութական կամ ուժային լծակներով արդարությունը, ազգային ինքնիշխանությունը և կամարտահայտությունը սահմանափակելու բոլոր դրսևորումների դեմ»:

 Ուշագրավ
---