Հայրիկյանը գլխավոր դատախազին նկարագրել է դեպքի մանրամասները

Հայրիկյանը գլխավոր դատախազին նկարագրել է դեպքի մանրամասները

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն և զրուցել ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի հետ։ Գլխավոր դատախազը զրուցել է նախ գլխավոր բժշկի հետ և հետաքրքրվել Պ.Հայրիկյանի առողջական վիճակով, նրան պատճառված վնասվածքի բնույթով, ապա՝ Պ.Հայրիկյանի հետ, որի ժամանակ վերջինս գլխավոր դատախազին նկարագրել է նաև դեպքի մանրամասները։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ Պարույր Հայրիկյանին ապօրիանաբար կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ 2013թ. փետրվարի 1-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունը:

Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազը գրավոր ցուցում է տվել ՀՀ ԿԱ ոստիկանության և ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության փորձառու քննիչներին համատեղ քննչական խումբ կազմելու վերաբերյալ` նկատի ունենալով, որ քրեական գործն իրենից որոշակի բարդություն է ներկայացնում և անհրաժեշտ է կատարել անհետաձգելի մեծածավալ քննչական գործողություններ, որոնք օրենքով սահմանված ժամկետում բազմակողմանի և լրիվ ծավալով արդյունավետ կիրականացվի քննչական խմբի միջոցով:

Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը: Մշակվել են մի քանի աշխատանքային վարկածներ, որոնցից յուրաքանչյուրը քննչական խմբի կողմից ստուգվում է։

Քրեական գործով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, մատնադրոշմային, ինչպես նաև՝ դատաձգաբանական, դատամանրաթելային և դատաքիմիական համալիր փորձաքննություններ։ Փորձաքննության է ներկայացվել դեպքի վայրից առգրավված 7,62 մմ տրամաչափի 1 գնդակը, ինչպես նաև՝ վիրահատության ընթացքում Պարույր Հայրիկյանի մարմնից հանված միևնույն տրամաչափի ևս 1 գնդակ։

Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---